«Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի աշխատակիցը ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի մարտի 21-ին' ժամը 12:00-ի սահմաններում, հիշյալ գիտական կենտրոնի բակային հատվածում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը գիտական կենտրոնի բժշկի հետ վիճաբանել են, որի ընթացքում ուղևորը ձեռքով հարվածել է նրան, իսկ վարորդը գազային ատրճանակով կրակել է բժշկի դեմքին' պատճառելով մարմնական վնասվածք:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և քննվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչությունում:
Հետագայում որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին' հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Քրեական գործով կայացված որոշումը վերացվել է և ՀՀ գլխավոր դատախազի կողմից գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով' քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: