Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ համաներում հայտարարելու հարց իշխանությունները չեն քննարկել: Այս մասին Ազգային ժողովի նիստի մեկնարկին հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին:

 

ԱԺ նիստի մեկնարկին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը բազմաթիվ նամակներ և զանգեր է ստացել քաղաքացիներից, ովքեր փորձել են պարզել, թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ համաներում հայտարարվելո՞ւ է, թե՞ ոչ: «Մարդիկ հետաքրքրվում են՝ կա՞ արդյոք հավանականություն, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կհայտարարվի համաներում: Իհարկե, ես շատ լավ հասկանում եմ, որ դա միայն Ազգային ժողովի իրավասությունը չի: Դուք ունե՞ք որևէ տեղեկատվություն, կարող եք Ազգային ժողովին և հանրությանը տեղեկատվություն փոխանցել՝ կա՞ արդյոք հավանականություն, որ առաջիկայում համաներում կհայտարարվի»,- հարցրեց պատգամավորը:

 

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ պատասխանեց, որ ինքն այդ մասին որևէ տեղեկություն չունի: «Նման տեղեկատվություն ես չունեմ: Այդ հարցը մինչ այս պահը չի քննարկվել»,- ասաց ԱԺ նախագահը:

 

Տեսանյութը՝ 1in.am-ի