ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանի տարածքում «խաղաղության եւ միասնության» ծառ են տնկել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտման 70-ամյակի առթիվ: Մայիսի 5-ին կայացած հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ինչպես նաեւ կազմակերպության անդամ 40-ից ավելի պետությունների ներկայացուցիչներ:

 

Հաղթանակի եւ առանց պատերազմների աշխարհի խորհրդանիշը դարձել է լացող սպիտակ բալենին, որը տնկել են ՄԱԿ-ի համալիրի կենտրոնական շենքի առջեւ: «Այսօր, տնկելով այս ծառը, մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր զոհվեցին եւ իրենց զոհաբերեցին հանուն այն առաքելության, որն ամրագրված է Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության մեջ»,- ասել է Պան Գի Մունը:

 

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, արարողությունից հետո տեղի է ունեցել Գլխավոր ասամբլեայի գլխավոր նիստը՝ նվիրված Հաղթանակի օրվան, որն անցկացվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ:

 

Մինչ այդ ՄԱԿ-ի կենտրոնակայանում բացվել է «Վերջին համաշխարհային պատերազմը. հիշել խաղաղության համար» լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցադրանքը, որի կազմակերպիչներն են Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Թուրքմենստանը, բաղկացած է 40 լուսանկարներից եւ պայմանականորեն բաժանված է երկու մասի: Առաջին մասը ներառում է 23 լուսանկար, որոնք արվել են մարտական փառքի վայրերում եւ թիկունքում:

 

Ցուցահանդեսի երկրորդ մասը, որը տեղավորվել է Գլխավոր ասամբլեայի ճեմասրահում, նվիրված է նախկին խորհրդային միության 15 հանրապետությունների հերոսներին:

 

Մայիսի 4-ին Ժնեւում ՄԱԿ-ի բաժանմունքում բացվել է Հայրենական մեծ պատերազմի մասին ֆիլմերի փառատոնը՝ նվիրված Մեծ հաղթանակի 70-րդ տարեդարձին: Մինչեւ մայիսի 8-ը Ազգերի պալատի կինոսրահում կցուցադրվեն կինեմատոգրաֆի դասականներ դարձած «Թռչում են կռունկները» (1957), «Մարդու ճակատագիրը» (1959), «Նրանք մարտնչում էին հայրենիքի համար» (1975), գեղարվեստական ժապավենները, «Սովորական ֆաշիզմ» նշանավոր վավերագրական ֆիլմը, ինչպես նաեւ վերջին տարիներին թողարկված ֆիլմեր, այդ թվում՝ «Սպիտակ վագրը», «Բրեստի ամրոցը», «Ստալինգրադ& raquo; եւ «Մշուշում»: