Դուբայում պլանավորում են 2017 թվականի առաջին կեսին բացել հյուրանոց, որն իրեն էլեկտրականությամբ լիովին կապահովի արեգակնային էներգիայի հաշվին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 6-ին հաղորդել է The National հրատարակությունը:

 

 

Դուբայի էներգետիկական ռազմավարության համաձայն՝ մինչև 2030 թվականն էներգիայի վերականգնվող աղբյուրներին, ներառյալ արեգակնային էներգիան, պետք է բաժին ընկնի ամբողջ էլեկտրաարտադրության 5 տոկոսը, նշել է հրատարակությունը:

 

 

Թերթը գրում է, որ 170 համարով հյուրանոցը կկառուցվի Դուբայի նոր բնակելի շրջաններից մեկում, որը ենթադրվում է դարձնել առավելագույնս էկոլոգիապես մաքուր: Մշակողների խոսքով՝ հյուրանոցում նաև կնախատեսվի բոլոր կեղտաջրերի և թափոնների լիակատար օգտահանում:

 

 

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, նախագծի արևային մարտկոցների ընդհանուր հզորությունը կկազմի 10 մեգավատ: Բոլոր արեգակնային պանելները կմիացվեն քաղաքային էլեկտրացանցին: Արդյունքում, նախագիծը մշակողների խոսքով՝ այդ շրջանում էլեկտրաէներգիայի համար հաշիվների արժեքը միջինից ցածր կլինի 25 – 30 տոկոսով: