Գեղարքունիքի մարզի Վահան եւ Ծովագյուղ համայնքների մանկապարտեզներն այս ձմռանը կտաքացվեն արեգակնային էներգիայով աշխատող ջեռուցման համակարգով, ինչի շնորհիվ կեսից ավելի չափով այս տեղերում կկրճատվեն նախկինում եղած ջեռուցման ծախսերը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց այլընտրանքային ջեռուցման ծրագիրը նախաձեռնող եւ իրականացնող «Վայրի բնության եւ մշակությաին արժեքների պահպանման հիմնադրամ»-ի ծրագրերի համակարգող Ագնեսա Կարապետյանը, Վահանի եւ Ծովագյուղի մանկապարտեզներում մասնագետների կողմից կատարվել է անհրաժեշտ ուսումնասիրություն, որով դրական եզրակացություն է տրվել ծրագրի իրականացմանը: Այնպես որ, մոտեցող ձմռանը վերոնշյալ երկու մանկապարտեզներն ապահովված կլինեն արեգակնային էներգիայից սնվող տաք ջրով եւ ջեռուցմամբ:»Ծրագիրն ունի երկու փուլ' ուսուցում եւ ջրատաքացուցիչ սարքերի տեղադրում:

 

Առաջին փուլն արդեն սկսված է, եւ մանկապարտեզների ներկայացուցիչներն այժմ համակարգը ճիշտ աշխատեցնելու դասընթացներ են անցնում: Անչափ կարեւոր է, որ ջեռուցման համակարգն աշխատեցնող մասնագետները տիրապետեն սարքավորումների աշխատանքային ճիշտ ռեժիմի պահպանմանը, ձմռան ցրտերի ընթացքում չանջատեն գազի ջեռուցման կաթսան, որն աջակցում է ջրատաքացուցիչ համակարգին, իմանան զանազան այլ նրբություններ:

 

Այլընտրանքային ջեռուցման պարագայում գազով ջեռուցման դիմաց վճարվող վարձերը կկրճատվեն ավելի քան կիսով չափ»,-նշեց Ագնեսա Կարապետյանը: Ծրագրի երկրորդ փուլը' ջրատաքացուցիչ սարքերի տեղադրումը եւ գործարկումը, կիրականացվի հոկտեմբերի վերջերին:

 

Խոսրով Խլղաթյան