Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի մանկապարտեզում այսուհետեւ կիսով չափ կրճատվում են բնական գազով ջեռուցում կատարելու ծախսերը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծովագյուղի գյուղապետ Վահրամ Գեւորգյանը, դա հնարավոր եղավ այն բանից հետո, երբ «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» նախաձեռնությամբ եւ «ՎիվաՍել ՄՏՍ» ընկերության միջոցներով մանկապարտեզում տեղադրվեց արեւային էներգիայով ջեռուցվող սարքավորում:»Ցուրտ եղանակներին' մոտ վեց ամիս, մանկապարտեզի ջեռուցման ամսական ծախսը կազմում էր 250 հազար դրամ:

 

Արդեն երրորդ օրն է, ինչ ջեռուցման համակարգին է միացվել արեւային էներգիայով աշխատող ջեռուցիչը, եւ նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ եկող ամսից արդեն մանկապարտեզի ջեռուցման ծախսը չի գերազանցի 125 հազար դրամը»,-նշեց գյուղապետը:

 

Շուրջտարյա գործող եւ հիմնանորոգ մանկապարտեզ են հաճախում ծովագյուղցի 120 երեխա: «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» նախաձեռնությամբ եւ «ՎիվաՍել ՄՏՍ» ընկերության միջոցներով ոչխարաբուծությամբ զբաղվող Ծովագյուղի երկու ֆերմերային տնտեսությունների հատկացվել է երկու էլեկտրական հովիվ, որոնց միջոցով տնտեսությունները եկող արոտի շրջանում կկարողանան անվտանգ պահպանել իրենց հոտերը:

 

Խոսրով Խլղաթյան