NASA-ի միջմոլորակային «Voyager-1» զոնդը, որը գործարկվել էր 35 տարի առաջ, անցել է հելիոսֆերայի սահմանները և դարձել է պատմության մեջ առաջին արհեստական մարմինը, որը լքել է Արեգակնային համակարգը, գրված է ամերիկյան գիտնականների հոդվածում, որը հրապարակվել է Geophysical Research Letters ամսագրում: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն:
«Երևում է, որ «Voyager-1»-ը լքել է շրջանը, որը կախված է արևի ազդեցությունից, նրա տվյալները ցույց են տալիս ջրածնի և հելիումի այնպիսի բնութագրեր, որոնք, ինչպես սպասվում էր, առկա են միջաստղային միջավայրում»,-գրել է Նյու-Մեքսիկոյի համալսարանի աշխատակից Բիլլ Վեբբերը:
Արեգակնային համակարգի սահմանն է համարվում հելիոսֆերան, որը լցված է արևային քամով: Դրանից դուրս սկսվում է միջաստղային տարածությունը, որոնց բնութագրերը կախված չեն ոչ մագնիսային դաշտերից, ոչ լիցքավորված մասնիկների հոսանքներից, որոնք գալիս են արևից: