Արարատի մարզպետարանի ենթակայության 76 դպրոցները տաքացվում են լոկալ ջեռուցման համակարգով, իսկ 31 դպրոցներում ջեռուցումը կազմակերպվում է էլեկտրական սալիկներով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Ալբերտ Մկրտչյանը, նախորդ տարի ջեռուցվող դպրոցները 71-ն էին, որոնց թիվն այս ուսումնական տարի ա վելացավ հինգով' Զորակի, Վերին Դվինի, Փոքր Վեդիի, Նոր Ուղիի միջնակարգ եւ Ոսկետափի հիմնական դպրոցները: Ջեռուցման համակարգի անցկացումն իրականացվել է պետական միջոցների հաշվին:
Մարզում առկա ՀՀ ԿԳ նախարարության ենթակայության հինգ ավագ դպրոցները նույնպես ապահովված են լոկալ ջեռուցման համակարգով:
Ջեռուցման տարեշրջանը դպրոցներում նախատեսված է ավարտել մարտի 15-ին' գարնանային արձակուրդների մեկնարկին: Տարեշրջանը սկսվել է նոյեմբերի 15-ին, իսկ բարձրլեռնային գոտիների որոշ դպրոցներում' կապված եղանակային տատանումներից' քիչ ավելի շուտ:
Արարատի մարզում 112 դպրոց կա, որոնցից 107-ը' մարզպետարանի, իսկ հինգը' ՀՀ ԿԳ նախարարության ենթակայության ավագ դպրոցներն են: Մարզի դպրոցներում հունվարի դրությամբ սովորում են 30 հազար 328 աշակերտ, որոնցից 3462-ն առաջին դասարանցիներ են' բաշխված 161 դասարանների միջեւ: Մկրտչյանը նկատեց, որ այս ուսումնական տարվա մեկնարկին մարզի դպրոցներում սովորում էին 30 հազար 577 աշակերտ, որոնց թիվն այսօրվա դրությամբ նվազել է 249-ով: Նրանք փոխել են բնակույթան վայրը. մի մասը տեղափոխվել է մայրաքաղաք կամ հանրապետության այլ մարզեր, որոշ մասն էլ' ընտանիքով բնակության մե կնել արտերկիր:
Լիլիթ Մաճկալյան