Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերից ուղիղ մեկ ամիս առաջ իրավապաշտպան կազմակերպությունները բողոքի ցույց կիրականացնեն Բրյուսելում' Եվրախորհրդարանի առաջ' իրենց բողոքի ձայնը հայտնելով Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az- ը:
Բողոքի ակցիայի կազմակերպիչներն են ճաղերի հետևում հայտնված ադրբեջանցի իրավապաշտպաններ Արիֆ և Լեյլա Յունուսների աղջիկը' Դինարա Յունուսը, ՄԱԿ-ին առընթեր Խոշտանգումների դեմ կոմիտեի գլխավոր քարտուղար Ջերալդ Սթաբերոքը և «Սպորտն իրավունքների ժամանակ» շարժման համակարգող Ռեբեկա Վինսենտը:
Ակտիվիստները բողոքի ցույցի ժամանակ կպահանջեն ազատ արձակել ադրբեջանական բանտերում հայտնված քաղբանտարկյալներին' Լեյլա Յունուսին, Խադիջա Իսմայիլովային, Ռասուլ Ջաֆարովին, Անթիգամ Ալիևին, Անար Մամեդլիին և այլոց:
Ադրբեջանական բանտերում ներկայումս պահվում են 80 քաղբանտարկյալ: