Ազգային ժողովի պատգամավորները վստահեցնում են, որ «Եկամտային հարկի» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունները արտագնա աշխատանքի մեկնող անհատ քաղաքացիների վրա որևէ ազդեցություն չեն ունենալու: Մայիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը նշեց, որ հարկային քաղաքականության փոփոխությունները վերաբերում են միայն Հայաստանում գրանցված ռեզիդենտ կազմակերպություններին, որոնք արտերկրում իրականացնում են շինարարական և շինմոնտաժային աշխատանքներ: «Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպություններին, որոնք գրանցված են Հայաստանում, ձևավորվել են Հայաստանում: Քանի որ մենք Ռուսաստանի Դաշնության հետ ունենք երկկողմ հարկումը բացառող համաձայնագիր, ապա այդ երկրում գործունեություն ծավալող ռեզիդենտ կազմակերպությունները, որոնք գրանցված են Հայաստանում, կարող են իրենց շահութահարկը և եկամտահարկը վճարել Հայաստանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Այվազյանը:

 

Պատգամավորը նաև վստահեցրեց, որ օրենքի նախագծով որևէ պարտադրման մեխանիզմ չկա: «Որևէ մեկին չեն պարտադրելու, որ նա անպայման Հայաստանում պետք է վճարի հարկերը: Պարզապես մենք սա անում ենք Հայաստանում էլ նպաստավոր պայմաններ ստեղծելու համար, որպեսզի այդ կազմակերպությունները շահագրգռված լինեն Հայաստանում հարկերը վճարելու հարցում»,- ասաց Այվազյանը:

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նույնպես արձանագրեց, որ օրենքի նախագիծը միանշանակ չի վերաբերում այն անհատ քաղաքացիներին, ովքեր աշխատում են արտերկրում: Միևնույն ժամանակ, նա իր մտահոգությունը հայտնեց, որ կառավարությունը օրենսդրական նախաձեռնության քննարկումների ընթացքում չի կարողացել պատշաճ ներկայացնել սպասվելիք ռիսկերն ու դրական ակնկալիքները, որոնք կարող են լինել օրենքի ընդունումից հետո: «Ինձ մտահոգող հարցերից մեկն էլ այն է, թե այս օրենքի նախագիծը որքանով կարող է նպաստել արտագաղթի տեմպերի աճին: Եթե նման ռիսկեր կան, ապա կառավարությունը նաև դա պետք է հաշվի առնի: Ինձ հետաքրքրում է նաև, թե ի՞նչ ակնկալիքներ ունի պետական բյուջեն, քանի՞ կազմակերպություն կարող է մտնել այդ շուկա և ի՞նչ շրջանառության մասին է խոսքը: Կառավարությունը, ցավոք այս հարցերին հստակ չի պատասխանել, սակայն լավ կլիներ, որ օրենքը ներկայացնելիս, մեզ ներկայացնեն սպասվելիք ռիսկերն ու ակնկալիքները, որպեսզի պատկերացումն ավելի ամբողջական լինի»,- ընդգծեց Մելքումյանը:

 

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ օրենքի նախագիծը հասարակական լայն արձագանք է ստացել և ենթարկվել է անհիմն քննադատության, քանի որ Ազգային ժողով մտնելուց առաջ այն չի անցել հանրային քննարկումների փուլ և շատ արագ ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը, ինչը տարբեր մեկնաբանությունների և անհիմն խոսակցությունների առիթ է տվել:

 

Մինասյանը ևս ընդգծեց, որ տվյալ դեպքում հարկավոր է շեշտը դնել ոչ թե արտագնա աշխատանքի մեկնող անհատների, այլ Հայաստանի ռեզիդենտ կազմակերպություների գործունեության հարկման քաղաքականության վրա: «Այսինքն, հարկային քաղաքականության մեջ տեղի է ունեցել փոփոխություն: Այն կազմակերպությունը, որը դրսում մատուցում է բացառապես շինարարական կամ շինմոնտաժային աշխատանք և գրանցված է Հայաստանում, կվճարի այդ սահմանված 13 տոկոս եկամտահարկը: Այդ 13 տոկոս եկամտային հարկի արտոնությունը սահմանվում է բացառապես հայաստանյան ռեզիդենտ կազմակերպություն ների համար: Այն չի կարող վերաբերել ոչ ռեզիդենտին կամ այն քաղաքացուն, ով մեկնել է արտագնա աշխատանքի»,- ասաց պատգամավորը:

 

Նա նաև ընդգծեց, որ ՀՅԴ-ի պահանջներից մեկն էլ եղել է այն, որ արտագնա աշխատանքի, միգրացիայի վերաբերյալ հատուկ քաղաքականություն մշակվի: «Մեր մտահոգությունների մի զգալի հատվածը հենց սրան էր վերաբերում: Այս օրենքը որոշակի առնչություն ունի դրա հետ, սակայն կրկնեմ, որ այս դեպքում խոսքը հարկային քաղաքականության փոփոխության մասին է»,- նշեց Մինասյանը:

 

Եզրափակելով խոսքը՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ Հայաստանից շինարարական ծառայությունների մատուցման գծով արտահանումը երկրի տնտեսության կառուցվածքային քաղաքականության կարևոր ուղղություններից է:

 

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու, ինչպես նաև «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Օրենսդրական փաթեթով նախատեսվում է, որ Հայաստանում գրանցված ռեզիդենտ կազմակերպությունները, որոնք շինարարական և շինմոնտաժային աշխատանքներ են իրականացնում արտերկրում, 13 տոկոս եկամտային հարկ կվճարեն ՀՀ պետական բյուջե: