Պերուի Հանրապետության քաղաքացիներ Ալեքսանդր Կորդովային և Մարիա Ալվարադոյին ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի երկրորդ մասի և 266-րդ հոդվածի երրորդ մասի երկրորդ կետի հատկանիշներով մեղադրանքներ են առաջադրվել:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնի դարձավ դատական տեղեկատվական համակարգից:
Ալեքսանդր Կորդովան և Մարիա Ալվարադոն Պերուի Հանրապետությունում անհայտ անձից վերցրել էին մոտ երկու կիլոգրամ 780 գրամ ընդհանուր քաշով կոկաին տեսակի թմրամիջոց: Այնուհետև թմրամիջոցը, ճամփորդական 2 ուսապարկում տեղակայված գաղտնարաններում թաքցնելով, փորձել են տեղափոխել Հայաստան' անհայտ անձին փոխանցելու նպատակով, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում հանցագործությունը բացահայտվել է:
Վերը նշված քրեական հոդվածներով մեղադրյալներին սպառնում է 4-15 տարի ժամկետով ազատազրկում'գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը Ալեքսանդր Կորդովայի և Մարիա Ալվարադոյի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը: