Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում ավարտվել է քաղաքացի Արմեն Դավթյանի կողմից՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Արմենակ Դավթյանը Կապան քաղաքի բնակիչ Ա.Գևորգյանին ներկայացել է որպես Կապանի տարածաշրջանի 12 գյուղերում շուրջ 30 միլիարդ ՀՀ դրամի ֆինանսավորման ենթակա շինարարական աշխատանքների կատարման ծրագրերի համակարգող-պատասխանատու և գործընկերային հարաբերություններ հաստատել նրա հետ։ Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Ա.Դավթյանը խոստացել է Ա.Գևորգյանի ղեկավարած ընկերությանը հանձնել նշված ծրագրերով նախատեսված շինարարական աշխատանքների կատարումը՝ առաջարկելով իրեն տրամադրել ֆինանսական միջոցներ՝ ծրագրերը կազմելու, վերակազմելու, դրանք իբր հաստատման ներկայացնելու, իսկ հետագայում էլ՝ ծրագրերի համար նախատեսված գումարներն իբր հափշտակած և փախուստի դիմած իր գործընկերոջը հայտնաբերելու և գումարները վերադարձնելու պատրվակով։
Ձեռք բերելով համաձայնություն նշված հարցերի շուրջ՝ Ա.Դավթյանը, չարաշահելով Ա.Գևորգյանի վստահությունը, 2011-2013թթ. նրանից մաս-մաս առձեռն ստացել է ընդհանուր առմամբ առանձնապես խոշոր չափերով՝ 18.000.000 ՀՀ դրամ և հափշտակել։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: