Թուրքական հայտնի հանգստավայրերին հարձակումներ են սպառնում ծայրահեղական իսլամիստների կողմից: Թուրքական իշխանությունները զգուշանում են զբոսաշրջիկների հանգստի գոտիներում ահաբեկչական հարձակումներից: Արևմտյան երկրները նույնպես մտահոգ են, սակայն որևէ կոնկրետ քայլ չեն ձեռնարկում, գրում է Газета.Ru-ն:

 

ՆԱՏՕ-ն ու նրա դաշնակիցները միասնական տեսակետ չունեն «Իսլամական պետություն» (ԻՊ) և այլ ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարի համար, որոնց թուրքական իշխանությունը երկրի համար լուրջ սպառնալիք է համարում: Այդ մասին ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Ծայրահեղականների դեմ պայքարի ռազմավարությունը, այդ թվում՝ Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի շարքերում կռվողների դեմ, եղել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման առանցքում:

 

«Սպառնալիքը հարավից ավելի երկարատև է, քան սպառնալիքն արևմուտքից»,- գագաթաժողովի կուլիսներում իրավիճակն այսպես է բնութագրել եվրոպացի նախարարներից մեկը՝ ակնարկելով, որ այդ խնդիրը շուտով կարող է փոխարինել ուկրաինական ճգնաժամը։ «ԵՄ քաղաքացիները կռվում են ԻՊ-ի շարքերում, և դա լուրջ մտահոգության առիթ է դառնում Դաշինքի անդամ երկրներում»,- հավելել է նա:

 

Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի խոսքով՝ Սիրիայի դեմ ռազմական գործողությունները, որոնք տեղի են ունենում սահմանի մոտակայքում, կարող են տեղափոխվել նաև իր երկրի տարածք: «Թուրքիան Դաշինքի միակ անդամն է, որի համար ԻՊ-ը շոշափելի սպառնալիք է հանդիսանում, քանի որ գտնվում է հարևանությամբ»,- ասել է նա' նշելով, որ Անկարան արդեն 6 մլրդ դոլար է ծախսել սիրիացի փախստականներ ընդունելու համար, իսկ արևմտյան երկրները՝ մոտ մեկ միլիարդ:

 

Իսլամիստների կողմից եկող սպառնալիքը վատ կարող է անդրադառնալ նաև ներդրումների, ինչպես նաև զբոսաշրջիկների հոսքի վրա, որոնք թուրքական հանգստավայրեր են գալիս առավելապես Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից ու Ռուսաստանից: