Այսօր՝ մայիսի 16-ին, նշվում է ՀՀ ոստիկանության օրը:

 

Այս տարի, պայմանավորված ապրիլի 24-ի բացառիկ խորհրդով, ծառայության առաջնահերթություններով ու լարված ռեժիմով՝ ՀՀ ոստիկանությունը որոշել էր ձեռնպահ մնալ ապրիլի 16-ին մասնագիտական տոնի առթիվ կազմակերպվելիք հանդիսություններից ու միջոցառումներից՝ հետաձգելով դրանք մեկ ամսով:

 

Ոստիկանության աշխատանքը յուրաքանչյուր երկրում՝ հատկապես Հայաստանում, միշտ էլ գտնվում է հասարակության ուշադրության կիզակետում, և ոստիկանի վարքն ու դիմագիծն ուղղակիորեն կապվում են երկրի և պետության նկարագրին:

 

Համակարգի ամբողջական, համալիր աշխատանքից է կախված հասարակական կարգի պահպանումը, իրավապահ մարմինների գործունեության հանդեպ հասարակության դրական վերաբերմունքը և քաղաքացիների պաշտպանվածության զգացումը:

 

Անհրաժեշտ է նշել, որ վերջին շրջանում մեր ոստիկանության աշխատանքում ակնհայտ են դրական տեղաշարժերը, և արդյունքներն արդեն տեսանելի են նաև հանրության համար: Ի շնորհիվ ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի աննկուն աշխատանքի՝ այսօր ՀՀ ոստիկանությունը կարող է հպարտությամբ ազդարարել, որ համակարգը կայացման բարձր մակարդակի վրա է գտնվում և կանգնած է օրինականության ամրապնդման առաջատար դիրքերում: Պաշտոնավարման տարիներին Վլադիմիր Գասպարյանը մշտապես աչքի է ընկել իր խոստումները կատարելու բարձր սկզբունքայնությամբ և համակարգում դրական փոփոխություններ իրականացնելու վճռականությամբ:

 

Ոստիկանության մասնագիտական օրվա առթիվ, հաշվի առնելով համակարգի բացառիկ կարևորությունը, այսօր ոստիկանություն այցելեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Տոնի առթիվ հրավիրված կոլեգիայի ընդլայնված նիստը վարեց հենց Հանրապետության նախագահը:

 

Օրվա առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանին և ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռաֆիկ Զաքարյանին նախագահի հրամանագրով կշնորհվի գեներալի-մայորի կոչում:

 

International Media Holding-ի ողջ անձնակազմը շնորհավորում է ՀՀ ոստիկանության համակարգի ծառայողներին, վետերաններին՝ մասնագիտական օրվա կապակցությամբ և մաղթում նորանոր մասնագիտական հաջողություններ: