Աշխատանքային այցով հոկտեմբերի 18-ին Գյումրիում գտնվող ՀՀ արդարադատության նախարարը, օգտվելով առիթից, անձամբ շնորհավորեց իր ուսուցչի մասնագիտական տոնը: Ծնունդով գյումրեցի նախարարը մինչև 1988 թվականի աղետաբեր երկրաշարժը 10 տարի շարունակ սովորել է Գյումրու թիվ 29 դպրոցում:
Ինչպես լրագրողներին տեղեկացրեց Հովհաննես Մանուկյանը, այս այցի շրջանակներում չէր կարող չհանդիպել և անձամբ չշնորհավորել իր շատ սիրելի պատմության ուսուցչի մասնագիտական տոնը: Արթուր Նիկողոսյանը, ով այսօր արդեն դասավանդում է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում, առաջին իսկ պահից կարողացել էր գրավել աշակերտների ուշադրությունն' իր մանկավարժական հմտության ու առարկայի նկատմամբ աշակերտների մեջ հետաքրքրություն սերմանելու կարողությամբ:
Արդյունքում, դասարանում շատերն էին «Պատմություն»-ը որպես մասնագիտություն ընտրել: Նախարարն ու մանկավարժն այսօր հիշելու շատ բան ունեին, բայց ամենատխուրը հենց երկրաշարժի հետ էր կապված. երկրաշարժի պահին 10-րդ դասարանցիների մոտ պատմությունն էր, հենց նույն դասարանում էր նաև Հովհաննես Մանուկյանը: Բարեբախտաբար, դպրոցի և աշակերտների հետ դժբախտ դեպքեր չգրանցվեցին, բայց խուճապի չմատնվել՝ այդքան էլ չստացվեց: Ցավոք, հենց երկրաշարժի պատճառով է, որ 10-րդ դասարանը Հովհաննես Մանուկյանը չի ավարտել հարազատ դպրոցում:
Խոսելով նախկին աշակերտի մասին՝ ուսուցիչը նշեց, որ վերջինս դեռ դպրոցական նստարանին է առանձնացել իր գիտելիքներով: «Ուրախ եմ և հուզված: Ամեն անգամ չէ, որ 25 տարի անց հիշվում ես, հուզիչ է»,-նշեց Արթուր Նիկողոսյանը:
Նախարարն իր ուսուցչին փոխանցեց հուշանվեր, փոխարենը ստացավ նաև ուսուցչի կողմից Նեմրութից բերված հուշանվերը:
Արմենուհի Մխոյան