Ազգային անվտանգության ծառայության մասնագիտական տոնի կապակցությամբ ծառայության նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ: Նիստին մասնակցում էին ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԼՂՀ ԱԱԾ տ նօրեն Արշավիր Ղարամանյանը:

 

Նիստի մեկնարկին հնչեց ՀՀ օրհներգը, որից հետո դահլիճ բերվեց ՀՀ ԱԱԾ դրոշը:

 

ՀՀ Նախագահի աշխատակզմի ղեկավար Վիգեն Սարգսյանն ընթերցեց ՀՀ Նախագահի ուղերձը ՀՀ ԱԱԾ մասնագիտական տոնի կապակցությամբ, որից հետո ելույթ ունեցավ ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը: Շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ Գորիկ Հակոբյանն ընդգծեց, որ բոլորի համար տեսանելի է պետության ղեկավարության մշտական հոգածությունը ծառայության անձնակազմի սոցիալական երաշխիքների ապահովման, աշխատակիցների կենցաղային պայմանների բարելավման հարցերում:

 

«Հանրապետության Նախագահի անմիջական օժանդակությամբ արդեն երկու տարի անընդմեջ անվտանգության մարմինների 20 աշխատակիցների տրամադրվել են բնակարաններ, և այս գործընթացը լինելու է շարունակական: Բացի այդ, մեկնարկել է բնակարաններ գնելու նպատակով արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրման ծրագիրը: Ընթացիկ տարի տեսանելի բարձրացան ծառայության աշխատակիցների աշխատավարձերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հակոբյանը:

 

Նա ընդգծեց, որ Հանրապետության Նախագահի և կառավարության աջակցությամբ շարունակաբար կատարելագործվում, ամրապնդվում և բարեկարգվում է սահմանների պահպանության ընդհանուր համակարգը: «Հաջորդ տարի ավարտին կհասցվեն «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» սահմանային անցման կետերի արդիականացման աշխատանքները: Այդպիսով, սահմանային գոտում քաղաքացիների սպասարկումը կհամապատասխանեցվի միջազգային ամենաբարձր պահանջներին»,- նշեց ՀՀ ԱԱԾ տնօրենը:

 

Գորիկ Հակոբյանը նշեց նաև, որ հետևողականորեն զարգանում է ծառայության նյութատեխնիկական բազան, ընդլայնվում են տեխնիկական հնարավորությունները: Անվտանգության մարմինների մի շարք ստորաբաժանումներ արդեն իսկ օգտագործում են գերժամանակակից տեխնիկական միջոցներ, ինչի շնորհիվ որակապես բարձրացել է օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունավետությունը:

 

«Մեր կարիքների նկատմամբ հանրապետության ղեկավարության հոգածությունը կառույցի ակնառու ձեռքբերումների գնահատականն է, հայոց պետականության ամրապնդման ու զարգացման գործում անվտանգության մարմինների դերի ու նշանակության արժևորումը:

 

Առանձնահատուկ երախտագիտության խոսքեր, շնրհավորանքներ ու անկեղծ բարեմաղթանքներն եմ հղում համակարգի վաստակաշատ վետերաններին, որոնց անմնացորդ նվիրումը հայրենիքին, արժանապատիվ կյանքի սկզբունքներն ուղենիշ են մնալու Հայաստանի ազգային անվտանգության ծառայության շատ սերունդների համար»,- ընդգծեց Հակոբյանը:

 

Ամբիոնից ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Անցած դարի վերջին անկախության ուղին ընտրած հայ ժողովրդի առջև ծառացան լուրջ մարտահրավերներ, որոնք արժանապատվորեն հաղթահարելը բավականին բարդ կլիներ անգամ պետականության երկար պատմություն ունեցող ազգերի համար: Հպարտությամբ պետք է նշեմ, որ մեր ժողովուրդը չափազանց կարճ ժամանակում կարողացավ ձևավորել քաղաքական ու ռազմական իշխանություն, արհեստավարժ հատուկ ծառայություններ:

 

Հայաստանի Հանրապետության ազ գային անվտանգության համակարգի աշխատողներն ինչպես պատերազմի տարիներին, այնպես էլ դրանից հետո զգալի ավանդ են ունեցել մեր պետականության դիրքերի ամրապնդման, պետական բոլոր մարմինների բնականոն աշխատանքի ապահովման գործընթացում: Բնականաբար, գաղտնիության նկատառումներով մեր հասարակությունը հաճախ տեղյակ չի լինում գործողությունների մասին, սակայն արդյունքները տեսանելի և շոշափելի են բոլորի համար:

 

Մեր ժողովուրդը վստահ է, որ Ազգային անվտանգության ծառայությունը այսուհետ էլ ծառայելու է իր անվտանգ և խաղաղ կեցության ապահովման գործին, որի առթիվ ևս մեկ անգամ ի սրտե շնորհավորում եմ՝ մաղթելով քաջ առողջություն, անսպառ եռանդ, նորանոր ձեռքբերումներ»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը:

Մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձով հանդես եկավ նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

 

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն իր ելույթում ընդգծեց, որ Ազգային անվատնգության ծառայության աշխատակիցների նկատմամբ ունի խորը հարգանք, որը ձևավորվել է ոչ միայն նրանց գործունեության բնույթով և կարևորությամբ: «Ես վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուր իր գործին վերաբերվում է ամենայն պատասխանատվությամբ:

 

Համոզված եմ, որ ազգային անվտանգության ծառայության գործունեությունն էական նշանակություն է ունեցել օրինականության և իրավակարգի ամրապնդման հարցում»,- նշեց Կոստանյանը՝ ծառայության աշխատակիցներին մաղթելով նորանոր հաջողություններ:

 

ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեց նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա իր խոսքում շնորհակալություն հայտնեց ԱԱԾ աշխատակիցներին՝ անսպառ նվիրվածության համար՝ ընդգծելով, որ երկրի առջև ծառացած մարտահրավերները պետք է հաղթահարել միասնական և համատեղ ջանքերով:

 

«Արդեն չորրորդ անգամ պատիվ ունեմ այստեղից նայել ձեր աչքերին և ասել, որ Հայաստանյի Հանրապետության ոստիկանությունը ձեզ հետ է, ձեր կողքին է և ձեզանից մեկն է: Շնորհակալ եմ ձեզանից, շնորհակալ եմ, որ կանգնած եք մեր պետության կողքին: Դուք ընտրել եք մի մասնագիտություն, որը կոչվում է պետության մարդ: Դուք պետության մարդիկ եք, որովհետև դուք պետություն եք պահում և պահպանում, իսկ մենք օգնում ենք ձեզ այդ պատասխանատու գործում:

 

Աստված պահապան լինի ձեզ և ձեր հարազատներին: Շնորհակալ եմ նաև ձեր համբերության համար, որովհետև ոչ մի բարի գործ անպատիժ չի մնում»,- եզրափակեց Վլադիմիր Գասպարյանը:

 

ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամանյանը ընթերցեց ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ԱԱԾ աշխատակիցների մասնագիտական տոնի կապակցությամբ:

 

Հանդիսավոր նիստի ընթացքում ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ պարգևատրվեցին մեդալներով և շնորհակալագրերով, ինչպես ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, այնպես էլ ՀՀ վարչապետի, ՀՀ գլխավոր դատախազի, ՀՀ ոստիկանապետի, ՀՀ պաշտպանության նախարարի կողմից: