ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պարզաբանել է, թե ինչու է հանձնարարել 2008թ. մարտի 1-ի դեպքերի ընթացքում յուրաքանչյուր մահվան դեպքի համար առանձին վարույթներ անջատել: Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազության 2014թ. գործունեության հաղորդումը ներկայացնելու ընթացքում Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ ողջ հասարակությունը և հատկապես տուժողների հարազատները մտահոգված են մահերի հանգամանքների բացահայտմամբ: «Դա է եղել պատճառը, որ ես հանձնարարել եմ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից մահվան յուրաքանչյուր դեպքով առանձին վարույթներ անջատել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կոստանյանը:

 

 

Նա ընդգծեց, որ այդ հանձնարարականի հիմքում դրված է այն մոտեցումը, որ յուրաքանչյուր մարդու կյանք ինքնին առանձին արժեք է, և որ յուրաքանչյուր մահվան դեպքի վերաբերյալ գործի անջատումն ընդհանուրից միտված է գործի քննության արդյունավետության ապահովմանը:

 

 

Կոստանյանը հայտնեց, որ այս պահին քննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում՝ հավելելով, որ քննության արդյունքները միասին գնահատելու հնարավորություն լինելու է: