Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը «Ֆուտբոլի ժամ» հաղորդման շրջանակներում անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականին:
«Ուրախ եմ, որ որպես ֆուտբոլիստ կարող էի օգնել հավաքականին, իսկ հիմա էլ որպես մարզիչ կարող եմ անել դա' չնայած հիմա բարդ իրավիճակ է: Շատ եմ կարևորում, որ հավաքականը գեղեցիկ ֆուտբոլը վերադարձնի, եթե դա վերադարձնենք՝ անպայման կլինեն արդյունքներ»:
Այն հարցին, թե արդյոք շուտ չէ՞ր հավաքականը գլխավորելը, Հովսեփյանը հավելեց, որ շուտ է, թե ուշ, ժամանակը և խաղերը ցույց կտան:
Հովսեփյանը խոսեց նաև վնասվածք ստացած ֆուտբոլիստների՝ Մանուչարյանի և Մովսիսյանի մասին և նշեց՝ ցավալի է, որ ֆուտբոլիստները վնասվածք ունեն, սակայն ազգային ընտրանիում այլ լավ խաղացողներ էլ կան: Ազգային հավաքականում պետք է խաղան այն ֆուտբոլիստները, ովքեր լիովին պատրաստ են և վնասվածք չունեն: Ըստ Սարգիս Հովսեփյանի՝ ազգային հավաքականում անուններով չեն խաղում:
Հովսեփյանը զրույցի ընթացքում անդրադարձել է նաև Գաել Անդոնյանին և Մաուրո Գևգեոզյանին:
«Գաել Անդոնյանի խաղից շատ լավ տպավորություններ ունեմ, բավարարված եմ նրա ցուցադրած խաղից»:
Գևգեոզյանի հետ կոնֆլիկտի մասին խոսելով՝ հավաքականի նախկին ֆուտբոլիստը նշեց, որ դա կոֆլիկտ չէր, այլ որպես թիմի ավագ պարզապես բարկացել էր ֆուտբոլիստի վրա, ով լավ մարզավիճակում չէր:
Այն հարցին, թե իր առաջ խնդիր կա՞ դրված, Հովսեփյանը հավելեց.
«Խնդիրը մեկն է՝ հավաքականը ցուցադրի այն խաղը, որը ցուցադրում էր, արդյունքի խնդիր կա, բայց ամենակարևորը գեղեցիկ խաղն է, առաջնայինը հավաքականի գեղեցիկ խաղը գտնելն է»:
Հարցին՝ արդյոք Բերեզովսկիին փոխարինելու ժամանակը չէ՞, Հովսեփյանը նշեց.
«Ռոմանը լավ մարզավիճակում է, կարող ենք փոխարինել, սակայն համարժեք փոխարինող է պետք, այնպես չլինի, որ նրանից բաժանվելուց հետո չիմանանք, թե ինչ անել»: