Նման խաղերում, այսպիսի մակարդակի վրա նման մանկական սխալներ թույլ տալու իրավունք չունեինք: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Մոլդեի» դեմ պատասխան խաղից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը:
«Նման խաղերում, այսպիսի մակարդակի վրա նման մանկական սխալներ թույլ տալու իրավունք չունեինք, սակայն արեցինք և պատժվեցինք: 0:2 հաշվի ժամանակ ցանկանում էինք առաջ գնալ, գոնե մեկ գոլ խփել՝ փոքր-ինչ չմտածելով պաշտպանության մասին: Միգուցե դրա համար էլ պատժվեցինք, բայց երբ թիմը 0:2 հաշվով պարտվում է, պետք է ցանկանալ գրոհել: Մենք պետք է գրոհեինք, ոչ թե պաշտպանվեինք. 0:2 հաշվի ժամանակ դա ակնհայտ էր:
Չկարողացանք սուր հակագրոհներ կազմակերպել, հակառակը՝ սխալներ թույլ տվինք, և «Մոլդեն» օգտվեց մեր սխալներից: Եկեք շատ խիստ չլինենք ֆուտբոլիստներին գնահատելուց, այդ խաղով չորոշենք, թե նրանք մեր հավաքականին չեն համապատասխանում: Նրանց համար նման տեմպով խաղալը սովորական էր, քանի որ իրենց առաջնությունում անընդհատ խաղում են այդ տեմպով, իսկ մեզ համար անսովոր էր, տարին մեկ-երկու անգամ ենք նման բարձրակարգ ֆուտբոլ խաղում: Նման տեմպով խաղալու համար քո առաջնությունն այդպիսին պետք է լինի, որպեսզի սովորես և դա սովորական լինի: Սակայն չկարողացանք կոպիտ սխալներից խուսափել, և խոշոր հաշիվ ստացվեց: Նման խաղ ցանկացածի մոտ էլ կարող է լինել, եկեք խիստ չլինենք գնահատականների մեջ: Եվ այս խաղով չորոշենք, որ ֆուտբոլիստները չեն համապատասխանում մեր հավաքականին: Իմ մեղքի բաժինն էլ կա, որ նման կերպ խաղը տեղի ունեցավ, ինչ-որ չափով չկարողացա տղաներին հասկացնել, որ նման խաղում նման կոպիտ սխալներ չպետք է բաց թողնեն:
Չեմ ուզում ֆուտբոլիստներին գնահատել, որովհետև 0:5 հաշվով պարտությունը մարզչի մեղքն է, ոչ թե ֆուտբոլիստների: Վերլուծությունից հետո պարզ կլինի՝ ինչ սխալ եմ արել»,- ասաց մարզիչը: