Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած Հայաստան-Լեհաստան խաղից հետո մեկնաբանել է աշխարհի առաջնության ընտրական խաղում լեհերից կրած պարտությունը:
Նա համամիտ չէր այն տեսակետին, թե կազմը սխալ էր ընտրված․ «Սա ուղղակի խայտառակություն է: Ավելի լավ կլիներ, եթե պարտվեինք տակտիկական սխալների պատճառով, քան թույլ տայինք այսպիսի պարզունակ սխալներ: Այս խաղը չի կարող օգտակար լինել: 1:6 հաշվով պարտությունից հետո ինչի՞ մասին է խոսքը»:
Արթուր Պետրոսյանի կարծիքով՝ այս խաղն իր մարզչական կարիերայի ամենացավալի պարտությունն էր, իսկ որպես ֆուտբոլիստ՝ եղել են ավելի ցավալի պարտություններ:
«Այլ միջոց չունենք. պարտավոր ենք վերականգնվել և Ղազախստանում չխայտառակվել: Վաղը նոր օր է... գնալու ենք Ղազախստան միավորներ վաստակելու համար:
Մեզ թարմ արյուն է հարկավոր: Դրսում հանդես եկող ֆուտբոլիստները՝ Խորեն Բայրամյանը եւ մյուսները, կարող են թարմություն հաղորդել թիմին: Երիտասարդական հավաքականի խաղը եւս հույսեր չի ներշնչում»,- ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։