Աշխարհի 2018թ.-ի առաջնության ընտրական փուլում Լեհաստանի հավաքականի հետ հանդիպումից առաջ Հայաստանի ազգային ընտրանու մարզիչ Արթուր Պետրոսյանը հանդիպեց լրագորղներին:
Մարզիչը նշեց, որ պաշտպանությունում եղած խնդիրները հայտնի են և կփորձեն բացակայողների տեղը լրացնել:
«Եթե մեկը չկա մյուսի համար շանս է: Պետք է փորձեն լավ խաղ ցուցադրել և թիմին օգնել: Փորձելու ենք ամեն դեպքում այն խնդիրները որոնք ունենք, լուծել»:
Խոսելով 2001թ-ին Լեհաստաի դեմ խաղի մասին՝ մարզիչն ասաց, որ շատ լավ է հիշում այդ խաղը.
«Շատ դժվար խաղ էր երկու թիմի համար էլ, ավելի շատ կռիվ էր, քան ֆուտբոլ: Երեք կարմիր մենք ստացանք, մեկ՝ Լեհաստանը: Շատ լավ հիշում եմ իմ խփած գոլը Լեհաստանին»:
Անդրադառնալով Լեհաստանու ընտրանուն՝ Պետրոսյանը հավելեց, որ լեհերը վերջին տասը տարում այսքան ուժեղ թիմ չեն ունեցել. «Եթե կարողանանք հաղթել լեհերին, մեր հայկական ֆուտբոլի համար մեծ հաջողություն կլինի: Կփորձենք դրական արդյունքի հասնել»:
Խոսելով Ռոբերտ Լևանդովսկու մասին՝ մարզիչն ասաց. «Նրան պահելը շատ դժվար է: Բայց եթե ցանկանում ենք դրական արդյունքի հասնել, ապա պետք է փորձենք նրան պահել: Պետք է այստեղ փոխօգնությունը աշխատի, այդ դեպքում հնարավոր է մի բան անել»:
Հարցին՝ արդյոք կմնաք հավաքականում և ուզում եք մնալ, մարզիչն ասաց. «Ինձ այս պահին հետաքրքրում է այս երկու խաղը, որից հետո նոր վերջնական որոշումը կկայացվի»:
Խոսելով տղաներին մոտիվացնելու մասին՝ մարզիչն ասաց, որ դրա կարիքը չկա, տղաները մոտիվացված են.
«Տղաներին մոտիվացնելու կարիք չկա, որովհետև մենք այն հավքականը չենք, որ շատ-շատ հաղթանակներ է տանում: Կարծում եմ՝ ամեն մի հաղթանակ մեզ համար դրական էմոցիա է և մեկ քայլ առաջ է տանում:
Դրա համար տղաները մոտիվացված են, նրանք հասկանում են, թե ի՞նչ է մեզ համար նշանակում հաղթանակ տոնելը: Մենք կարոտ ենք հաղթանակների»:
Գեղամ Ղադիմյանին անդրադառնալով՝ նա ասաց, որ նա շատ լավ մարզավիճակում է և իր թիմում գոլեր է խփում ու գոլային փոխանցումներ է կատարում:
«Շատ քիչ ժամանակ էր: Ավելի շատ զբաղված էինք վերականգնողական և տակտիկական պարապմունքներով: Չենք հասցրել 100% տեսնել, թե ինչպես են տղաները իրենց զգում թիմում»,- հավելեց Պետրոսյանը
Արթուր Սարկիսովի բացակայությանն էլ անդրադառնալով՝ մարզիչն ասաց, որ Սարկիսովն արդեն վիրահատվել է.
«Ցավում եմ Սարկիսովի համար, նա արդեն վիրահատվել է, ամեն ինչ նորմալ է, հիմա վերականգնողական փուլն է: Միակ դիրքը որտեղ խնդիր չունենք, հարձակման դիրքն է»: