Սպասում էի՝ ծանր մենամարտ էր լինելու, քանի որ Մուրայը մեծ փորձ ունի և ուժեղ մարզիկների է հաղթել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:
«Մենամարտից հետո եկել եմ Հայաստան՝ հանգստանալու: Եկել եմ երեկ և կմնամ չորս շաբաթ: Ուրախ եմ տարածս հաղթանակի համար: Մուրայն, իհարկե, ուժեղ մրցակից էր և մենամարտն էլ ծանր էր, բայց կարևորը, որ հաղթեցինք: Սպասում էի՝ ծանր մենամարտ էր լինելու, քանի որ Մուրայը մեծ փորձ ունի և ուժեղ մարզիկների է հաղթել: Հաջորդ մրցակցիս անունը հայտնի է, անունը գիտեմ, բայց դժվար է արտահայտվում: Դեռ որոշված չէ՝ երբ կլինի մարտը, հավանաբար՝ մարտին: Նա պարտություն չունի, բոլոր մենամարտերում հաղթել է: Ճիշտն ասած՝ դեռ չեմ տրամադրվել մարտին, եթե մտածեմ՝ գիշերները հանգիստ չեմ կարող քնել: Հիմա հանգստանում եմ, երբ սկսեմ մարզվել, կսկսեմ տրամադրվել»:
Դիտարկմանը, թե առաջին 6 ռաունդում առավելությունը մրցակցինն էր, Աբրահամն ասաց.
«Դա իմ տակտիկան է, և առաջին մի քանի ռաունդում դեռ լավ չեմ զգում ինձ, սակայն 5, 6 ռաունդից հետո հունի մեջ եմ ընկնում: Չեմ սիրում միանգամից մտնել ռինգ ու կռիվ անել, պետք է հետևել մրցակցին»:
Մարզիկը հավելեց նաև, որ Մուրային առավելություն տված մրցավար մրցակցի մոտ ընկերն էր:
Անդրադառնալով Ֆյուրիին 4 գոտի զիջած Կլիչկոյին՝ Աբրահամը ասաց. «Կլիչկոն պարտավոր էր չորս գոտին էլ խաղարկել: Ֆյուրիի հետ մարտը շոու չէր, Կլիչկոն պարտվեց, բայց, կարծում եմ, նորից հետ կբերի գոտիները»: