Հավանաբար 2017 թվականին կավարտեմ բռնցքամարտիկի կարիերաս: Այս մասինԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը՝ նշելով, որ մինչ այդ դեռ շատ անելիքներ ունի:

Նոյեմբերի 21-ին բրիտանացի Մարտին Մուրայի դեմ կայանալիք մարտից առաջ աշխարհի չեմպիոնը նշեց, որ ռինգ է դուրս գալու հաղթանակի համար:

- Արթուր, գիտենք, որ ամիսներ շարունակ պատրաստվել եք այս մարտին, ինչպիսի՞ն է տրամադրվածությունը:

-Ինչպես միշտ՝ հաղթական: Նոյեմբերի 21-ին ռինգ կմտնեմ՝ հաղթելու:

- Մարտին Մուրայը հայտարարել է, որ դաժան մարտ է սպասվում և որ ինքը պատրաստ է դրան: Ինչպիսի՞ն են Ձեր սպասելիքները:

-Այո, դաժան մարտ է սպասվում, ես էլ եմ լրջորեն պատրաստվել դրան և ես այդ մարտում կհաղթեմ:



- Նախորդ մարտի ժամանակ Ձեզ աջակցելու էր եկել Հենրիխ Մխիթարյանը, այս անգամ հատուկ հյուրեր լինելո՞ւ են:

- Իհարկե, այս անգամ էլ կլինեն հանրաճանաչ հյուրեր: Հենրիխը, եթե խաղ չունենա, այս անգամ էլ կգա:

- Այս մենամարտից հետո ի՞նչ է սպասվում, մշակված ծրագրեր կա՞ն:

- Դեռ հստակ ոչինչ հայտնի չէ, որպես կանոն, մենամարտերից հետո մեկնում եմ հանգստի, այնուհետև արդեն հայտնի են դառնում հաջորդ մենամարտիս վերաբերյալ տվյալներ:

- Sauerland Event-ի հետ Ձեր պայմանագիրն ավարտվում է 2017 թվականին, նոր պայմանագիր արդյոք կկնքե՞ք:

-Կարծում եմ, որ ոչ, երևի թե այդ ժամանակ ավարտեմ բռնցքամարտիկի կարիերաս: Բայց մինչ այդ այստեղ դեռ անելիքներ շատ ունեմ...

Թե արդյոք լռության րոպե կլինի՝ ի հիշատակ Փարիզի ահաբեկչության զոհերի, Աբրահամն ասաց, որ տեղյակ չէ, քանի որ կազմակերպչական հարցերով ինքը չի զբաղվում, մենեջմենթի գործն է դա, իսկ իրենը՝ բռնցքամարտն է:

Արթուր Աբրահամ-Մարտին Մուրայ մենամարտը տեղի կունենա Հանովերի «TUI Arena»-ում: Հայաստանի ժամանակով մենամարտը կմեկնարկի նոյեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը՝  01:20-ին:

Զրուցեց' Լիանա Թորոսյանը