Օրերս հայտնի դարձավ, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (44-5, 29 նոկաուտ) ռինգ կվերադառնա հուլիսի 16-ին: Հայ բռնցքամարտիկի մրցակիցն է նորվեգացի 23-ամյա Թիմ-Ռոբին Լիհաուգը (15-1, 8 նոկաուտ): Մենամարտը տեղի կունենա Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում:

 

«Իմ նպատակը կրկին աշխարհի չեմպիոն դառնալն է, և թույլ չեմ տա որևէ մեկին կանգնել իմ ճանապարհին: Երբեք չեմ թերագնահատում մրցակիցներիս: Ես կլինեմ գերազանց մարզավիճակում: Ուզում եմ ազատվել Ռամիրեսից կրած պարտության հիասթափությունից և ապացուցել, որ դեռևս կարող եմ ավելին: Ես տեսնում եմ ապագան հիմա, և այն սկսվում է հուլիսի 16-ի հաղթանակով»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուր Աբրահամը:

 

Մարզիկի հետ հարցազրույցն աբողջությամբ, ներկայացնում ենք ստորև.

 

- Հայտնի դարձավ հաջորդ մենամարտի օրը՝ հուլիսի 16: Արթուր, ինչպե՞ս են ընթանում մարզումները և որտե՞ղ եք այն անցկացնում:


- Այսօրվանից Բեռլինում սկսում եմ ամենօրյա մարզումներս: Նախ Բեռլինում կմարզվեմ, ապա այլ մարզաբազաներ կմեկնեմ:

 


-Ինչո՞ւ հենց Թիմ Ռոբին Լիհուգը:


-Մրցակիցներիս ընտրում է իմ մենեջերական թիմը՝ «Զաուերլանդ իվենթ» կազմակերպությունը:

 


- Ուսումնասիրե՞լ եք մրցակցի մարտավարությունը, ի՞նչ կասեք նրա մասին:

 

- Դեռ լրջորեն չեմ ուսումնասիրել: Գիտեմ, որ երիտասարդ բռնցքամարտիկ է և ունեցել է հաջողություններ:


- Արդյոք այն փաստը, որ մենամարտը տեղի է ունենալու Գերմանիայում Ձեզ համար առավելությո՞ւն է:

 

- Այո, իհարկե:


- Հաղթանակի գինը պարտությունից հետո...

 

- Հաղթանակն ինձ համար միշտ անգին է:


- Ի՞նչ փուլում են Ռամիրեսի հետ ռևանշ մենամարտ անցկացնելու բանակցությունները:

 

- Այս տարեվերջին արդեն ավելի հստակ կլինի Ռամիրեսի հետ ռևանշ մենամարտի ժամանակացույցը: 2 որակավորման մենամարտ դեռ պետք է անցկացնեմ, որից հետո նոր միայն Ռամիրեսի հետ ռևանշ մենամարտ:

 

Աբրահամին մաղթում ենք հաղթանակ առաջիկա մարտի ժամանակ: