Կարծում եմ թիմը պարտությունից հետո հոգեբանորեն վերականգնվել է: Մենք բոլոր խաղերին դաշտ ենք դուրս գալու հաղթանակի համար: Տանն ենք խաղում, ձգտելու ենք հաղթանակի: Դանիան մեզ մոտ հեշտ խաղեր չի ունեցել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը՝ Աշխարհի 2018թ-ի առաջնության ընտրական փուլում Դանիայի հետ խաղից առաջ:
Խոսելով Ռումինիայի ընտրանու դեմ խաղի մասին մարզիչն ասաց.
«Մինչև կարմիր քարտը մեզ մոտ լավ ստացվեց: Կարողնաում էինք և՛ պաշտպանվել, և՛ գրոհներ կազմակերպել: Կարմիր քարտից հետո փոխեցինք խաղային տակտիկան: Մոտավորապես 40 րոպե ճնշում էր մեր դարպասին: Հարձակվող դաշտ դուրս բերեցի, քանի որ առաջի հերթին ցանկանում էի ցույց տալ թիմիս, որ միայն պաշտպանվելու համար դաշտ դուրս չենք եկել: Հոգեբանական առումով կարևոր էր, որ թիմը հասկանար՝ նույնիսկ տասը հոգով մենք դեռ շանսեր ունենք: Հոգնածությունն ու մրցակցի ճնշումն էր պատճառը, որ վերջին պահին չկարողացանք մեր կենտրոնացումը պահել»:
Խոսելով ֆուտբոլիստների մասին մարզիչը հավելեց, որ Տարոն Ոսկանյանի բացակայությունը թիմի համար հարված է, քանի որ պաշտպանների պակաս կա: Մարզիչը ասաց նաև, որ կփորձեն ելք գտնել: Նա հավելեց նաև, որ Այվազովի առաջ հավաքականի դռները փակ չեն: Ինքը պատրաստ է աշխատել բոլոր այն ֆուտբոլիստների հետ, ովքեր պատրաստ են ոչ միայն ֆիզիկապես, այլև՝ նվիրվածությամբ:
«Գրիգոր Մելիքսեթյանը շատ լավ բարձր մակարդակի խաղ անցկացրեց: Հուսով եմ` նույն կերպ կշարունակի: Տիգրան Բարսեղյանը մեծ ծավալի աշխատանք կատարեց: Ադամյանը 20 րոպե մեծ նվիրվածությամբ աշխատեց թիմի համար: Գաել Անդոնյանը երկար ժամանակ չի խաղացել, հիմա մի շաբաթ նորմալ մարզվեց: Գոռ Մալաքյանը մկանային խնդիր ունի, կարծում եմ չի հասցնի վերականգնվի: Կամո Հովհաննիսյանը վնասվածք չունի, նրա հետ ամեն ինչ նորմալ է: Մխիթարյանը շատ լավ խաղ ցուցադրեց, ահռելի աշխատանք կատարեց թիմի համար: Խաղում ամենաշատը ինքն է վազել: Հենրիխից ամեն խաղին սպասում ենք երեք գոլային փոխանցում և երկու գոլ: Սա թիմային խաղ է. թիմը պետք է Հենրիխին օգնի, Հենրիխը՝ թիմին: Հասկանում ենք՝ երկրպագուների սպասելիքները շատ մեծ են»,- ասաց նա:
Մարզիչը երկրպագուներին կոչ արեց մարզադաշտ գալ և դրական լիցք հաղորդել թիմին՝ հավելելով, որ միշտ զգում են երկրպագուների աջակցությունը: