Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9 տուրից հետո «Արարատը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղը՝ իր ակտիվում ունենալով ընդամենը երկու հաղթանակ:
Թիմի ոչ այնքան հաջող ելույթների և մի շարք այլ հարցերի շուրջ Լուրեր.com-ը զրուցեց «Արարատի» պաշտպան Արմեն Դուրունցի հետ:
- Արմե՛ն, Խաշմանյանի օրոք Դուք կորցրել էիք Ձեր տեղը թիմի հիմնական կազմում: Այժմ այս հարցը կարծես թե լուծված է: Սա կապված էր մարզչի՞, թե՞ Ձեր ֆիզիկական վիճակի հետ:
- Այս հարցին ավելի լավ մարզիչը կպատասխանի, քանի որ նա է որոշում, թե ով պետք է խաղա և ով՝ ոչ, իսկ պատրաստվածության առումով, կարծում եմ՝ նախկինում էլ, հիմա էլ պատրաստ եմ խաղալու, պարզապես մարզիչն է այդպես որոշում:
- Այժմ թիմում կան բազմաթիվ լեգեոներներ, հե՞շտ է արդյոք նրանց հետ համագործակցելը դաշտում և դաշտից դուրս:
- Շփումը հեշտ է ստացվում, ուղղակի տարբեր երկրներից են, տարբեր լեզուներով են խոսում: Պետք է հարմարվել: Դա էլ, մի կողմից, օգնում է լրացուցիչ լեզու սովորելուն:
- Արմեն, ի՞նչ կարծիք ունեք նոր մարզչի' Սամվել Դարբինյանի մասին:
- Լավ մարզիչ է, շատ անմիջական է խաղացողների հետ, ինչն իսկապես օգնում է թիմին կատարելագործվել՝ թե՛ խաղային, թե՛ մարդկային առումով: Շատ է շփվում խաղացողների հետ: Պարապմունքներն էլ հետաքրքիր են անցնում:
- Հայաստանի առաջնությունում ելույթներն այդքան էլ հաջող չեն. ինչո՞վ է պայմանավորված նման խաղը:
- Ինչպես ասացինք, թիմը շատ լեգեոներներով է համալրվել, և առաջնության սկզբում խաղային համագործակցությունն այնքան էլ լավ չէր: Դրա համար ժամանակ է հարկավոր, ինչը մեզ մոտ մի քիչ երկար տևեց: Կարծում եմ՝ դա է հիմնական պատճառը, խաղացողներով սկսում ենք իրար ավելի լավ հասկանալ դաշտում: Գնալով՝ ավելի գրավիչ և արդյունավետ խաղ կցուցադրենք:
- Այժմ ի՞նչ խնդիր է դրված թիմի առջև:
Մեր խնդիրը յուրաքանչյուր խաղում հաղթելն է: Պետք է վաստակենք հնարավորինս շատ միավոր: Դա է հիմնական նպատակը:
- Արմեն, իսկ ի՞նչ կասեք «Ուլիսի» հաջողությունների մասին:
- Իրենք էլ նոր թիմ են ձևավորել՝ կրկին բազմաթիվ լեգեոներներով: Պարզապես իրար ընտելանալու գրծընթացն իրենց մոտ մի փոքր ավելի արագ ստացվեց: Իրենց հաջողությունը պայմանավորված է նրանով, որ որակյալ ֆուտբոլիստներ են թիմում խաղում:
- Վերջում անրադառնանք ազգային հավաքականին: Հոկտեմբերի 11-ին ազգային ընտրանին Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հանդիպում ունի Սերբիայի ընտրանու հետ: Առանց առաջատարների ինչպե՞ս կգնահատեք հավաքականի հնարավորությունները:
- Հավաքականի հետ կապված հարցերին միշտ լավատեսորեն եմ մոտենում: Շանսեր միշտ էլ կան: Պարզապես մի փոքր դժվար կլինի տղաների համար: Պետք է կամք դրսևորեն, ցույց տան, որ իրենցից յուրաքանչյուրը կարող է որպես առաջատար հանդես գալ: Թող խաղան թասիբով՝ ինչպես հային է բնորոշ: Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի:
Զրուցեց՝ Լիանա Թորոսյանը