Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը 31-րդ ամառային օլիմպիական խաղերի ավարտից հետո հանդիպեց լրագրողների հետ և անդրադարձավ հայ մարմնամարզիկների ելույթներին:
«Մենք ամբողջությամբ հասցրել էինք ադապտացվել, պարապմունքներն ընթացել էին իրենց հունով: Ռիո մեկնելուց հետո ես գտնվում էի մրցավարական գոտում, իսկ մրցավարները չէին կարող շփվել մասնակիցների հետ: Թիմը գտնվում էր շատ վստահելի ձեռքերում և ղեկավարվում էր Սոս Սարգսյանի կողմից: Տղաներին տեսել եմ գլխավոր պարապմունքի ժամանակ և մրցումների ժամանակ, դիտում էի նաև տղաների մարզումների տեսաձայնագրությունները: Ամեն ինչ լավ էր ընթանում»,-, ասաց Հակոբ Սերոբյանը:
Հավաքականի գլխավոր մարզչի խոսքով, Հարություն Մերդինյանը հիանալի հանդես եկավ մրցումային 1-ին օրը՝ թեև մրսածություն ուներ:
«Նախքան առաջին ելույթը Հարություն Մերդինյանը մրսածություն ուներ, սակայն կարողացավ վերջում հավաքվել և լավ ելույթ ունեցավ, շատ գոհ էի նրա ելույթից: Պլանավորել էինք բարդ վարժություն անել, սակայն մի քանի օր առաջ դաստակի խնդիր առաջացավ: Սոս Սարգսյանի հետ քննարկեցինք իրավիճակը, որոշեցինք չանել դա, քանի որ վնասվածքի լուրջ հավանականություն կար, կարող էր նույնիսկ ընկնել գործիքի վրայից: Որոշեցինք անել վարժությունը կես պտույտով ավելի և մաքրության վրա շեշտը դրեցինք»,-նշեց Հակոբ Սերոբյանը:
Նա անդրադարձավ նաև Արթուր Դավթյանի ելույթին և նշեց, որ առաջին փորձի ժամանակ Արթուրն այնքան լավ կատարեց վարժությունը, որ ինքը մոռացավ նույնիսկ մրցավար լինելը և ծափահարեց իր սանին:
«2-րդ ցատկի ժամանակ Արթուր Դավթյանը սովորականից բարձր ցատկեց, սակայն սպորտային բախտը երես թեքեց և ընկավ, այսպիսի պայմաններում նա գրավեց 11-րդ տեղը, այսինքն՝ 3-րդ պահեստայինում հայտնվեց : Դա արդեն նշանակում է, որ շատ լավ ելույթ ունեցավ»-նշեց մարզիչը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հայտնեց, որ իրենք չեն արդարանում գրանված արդյունքի համար և ինքը ՝որպես գլխավոր մարզիչ, իր վրա է վերցնում ողջ պատասխանատվությունը: Մարզչի խոսքով, կուսումնասիրվեն թերությունները և կարվեն համապատասխան եզրահանգումներ: