Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ շվեյցարացի Բեռնար Շալանդն առաջին հարցազրույցն է տվել՝ որպես Հայաստանի ընտրանու նոր մարզիչ: Ինչպես հաղորդում է շվեյցարական Le Matin պարբերականը՝ Շալանդը Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելը նոր արկած և փորձություն է համարում իր համար: Ստորև ներկայացնում ենք Շալանդի ամբողջական հարցազրույցը, որը նա տվել է շվեյցարական Le Matin պարբերականին:
-Մեզ համար մեծ անակնկալ էր, երբ իմացանք, որ Դուք նշանակվել եք Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ:
-Անկեղծ ասած՝ սկզբում ես էլ էի զարմացած: Ամեն ինչ շատ արագ ստացվեց: Սակայն սա ֆուտբոլ է, նոր արկած և փորձություն:
-Ինչպե՞ս ստացվեց այդ ամենը:
-Ինձ հետ կապվել են անցած կիրակի, երբ ես Փարիզում էի: Չորեքշաբթի ես ժամանեցի Երևան և հանդիպեցի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ, ով իմ մասին ամեն ինչ գիտեր: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան զրուցել էր նաև Արթուր Պետրոսյանի հետ, ով խաղացել է «Ցյուրիխում», երբ ես այնտեղ մարզիչ էի: Մենք բանակցեցինք, համաձայնության եկանք, սակայն ես մի փոքր ժամանակ խնդրեցի, որպեսզի վերադառնամ Շվեյցարիա և խորհրդակցեմ կնոջս հետ: Ուրբաթ առավոտյան ես զանգեցի և տվեցի իմ համաձայնությունը, երկուշաբթի կմեկնեմ Երևան և կստորագրեմ պայմանագիրը:
-Ինչպիսի՞ պայմանագիր են ձեզ առաջարկել:
-Դա ռիսկային պայմանագիր է: Ես աշխատելու եմ Եվրո 2016-ի ընտրական փուլում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի նպատակն է Հայաստանի ազգային հավաքականը դուրս բերել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Եթե կարողանամ անել դա, ինձ հետ պայմանագիրը կերկարաձգվի: Իսկ վատն այն է, որ եթե ես չկարողանամ անել դա, հարուստ մարդ չեմ լինի: Իսկ եթե ավելի լուրջ, ես գիտեմ, որ ստիպված կլինեմ առանց փոխհատուցման հավաքել ճամպրուկներս, եթե Հայաստանը կորցնի Եվրո 2016-ի եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունները: Սակայն ինձ համար միևնույնն է, սա նոր մարտահրավեր է և հնարավոր է վերջինը, իսկ ես պատրաստ եմ պատասխանել դրան:
-Հայաստանը դժվար խմբում է հայտնվել՝ Պորտուգալիա, Սերբիա, Դանիա և Ալբանիա:
-Այո, իսկապես բարդ խումբ է, ես դա ընդունում եմ: Հայաստանը Շվեյցարիա չէ, սակայն հեռանկարային թիմ է: Նախորդ երկու որակավորման խաղերում Հայաստանի հավաքականը բավականին լուրջ առաջընթաց է գրանցել: Բացի այդ, թիմում կան մի շարք բարձրակարգ ֆուտբոլիստներ՝ սկսած Հենրիխ Մխիթարյանից, ով խաղում է Դորտմունդի «Բորուսիաում»:
-Ինչո՞վ էիք զբաղված 2013թ. գարանը ակումբից հեռանալուց հետո:
-Կնոջս հետ վերադարձանք Լա Շո դյու Միլո, մեր երեխաների եւ թոռների հետ էինք: Ես միշտ մտածել եմ' եթե վերսկսեմ մարզչական գործունեությունս, կգլխավորեմ ոչ թե ակումբ, այլ հավաքական: Ինձ գայթակղեց հայկական հրավերը: Ինձ այդպիսի հնարավորություն ընձեռվեց, և ես ընդունեցի այդ մարտահրավերը: Իմ ընտրության հարցում կարևոր է այն փաստը, որ պետք է մշակեմ Հայաստանի ֆուտբոլային ակադեմիայի ուսումնական կոնցեպցիան:
-Իսկ Հայաստան Ձեր կնոջ հետ եք մեկնելու՞:
-Այո, այդպես ենք պլանավորել: Սակայն հայրենիքում հաճախակի կլինեմ: Մեզ համար միջազգային օրացույցում բավականաչափ դադարներ կան: Իմ առաջին խաղը կկայանա հենց Շվեյցարիայում՝ Ժնև քաղաքում մայիսի 31-ին Ալժիրի հավաքականի դեմ, որից հետո հունիսի 6-ին Մայնցում կմրցենք Գերմանիայի հավաքականի դեմ: Մինչ Ալժիրի հավաքականի դեմ խաղը, Շվեյցարիայում ուսումնամարզական հավաք կանցկացնեմ: