Իրավապահ մարմինները քննարկում են Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի բոլոր վարկածները, սակայն դեռեւս ոչ ոք իրական վարկած չի հայտնել: Միակ ենթադրությունը հենց Հայրիկյանն է հնչեցրել՝ մահափորձի մեջ մեղադրելով ռուսական հատուկ ծառայություններին, սակայն հայտնի չէ՝ արդյոք քննարկվում է այդ վարկածը:
Ինչ էր որ լինի, տարբեր վարկածների բացակայությունը եւ մահափորձը յուրաքանչյուրի վրա «բարդելու» հնարավորությունը կարող է լավ գործիք լինել ներքաղաքական պայքարում: Հավանական է, հենց դրա հետ է կապված այն, որ Գագիկ Ծառուկյանը մայիսից հետո առաջին անգամ հայտնվել է խորհրդարանում: Հնարավոր է, նա մտածել է, որ մահափորձը կարող են «բարդել» իր վրա, եւ որոշել է խորհրդարան գնալ:
Սակայն ներկայում իշխանության գլխավոր «հակառակորդը» ոչ թե Ծառուկյանն է, այլ ավելի շուտ Անդրիաս Ղուկասյանը, ով չի դադարում հայտարարել, որ ՀՀԿ-ն իրավունք չունի մասնակցել ընտրություններին, ու նոր ընտրություններ են անհրաժեշտ: Մասս-մեդիայում Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ իսկական հալածանքներ են սկսվել: Ոմանք իրենց պարտքն են համարում փորել նրա անցյալը, դուրս հանել «կեղտոտ սպիտակեղենը» և մեղադրել ինչում ասես, միայն թե սեւացնեն հացադուլ անող թեկնածուի անթերի պահանջները:
Պետք է ենթադրել, որ եթե չլիներ երկաթյա ալիբին, Անդրիասին կմեղադրեին նույնիսկ Հայրիկյանի դեմ մահափորձի մեջ, որովհետեւ մյուս բոլոր «կոմպրոմատները» չեն աշխատում, նույնիսկ «կեղտոտ լվացքը» չի կարող պատասխան լինել ընտրությունների, ՀՀԿ մասնակցության օրինականության վերաբերյալ Ղուկասյանի քաղաքական պահանջին: Այդ պահանջը վերաբերում է ընտրությունների կեղծման հիմքին եւ, անկասկած, անհանգստություն է առաջացում իշխանության մոտ:
Առավել եւս, հաշվի առնելով սոցիալական լարվածությունը, որը ձեւավորվել է միջին խավում հարկային նոր փաթեթի ընդունման կապակցությամբ: Իշխող կուսակցության ներկյացուցիչ Սուքիաս Ավետիսյանը երեկ բացահայտ հայտարարել է, որ ատամնաբույժների մասով օրենքը փոխվելու է, որովհետեւ «մեզ այժմ պետք չէ սոցիալական լարվածություն»: Դա նշանակում է, որ իշխանությունն ամենաշատը վախենում է այն բանից, որ հանկարծ հացադուլավոր Անդրիասի շուրջ վերջին պահին կարող են հավաքվել նրանք, ովքեր դժգոհ են սոցիալ-տնտեսական քաղաքականությունից:
Իրավապահ մարմինները պետք է գոնե «ակնարկեն», թե ինչ վարկածներ են շրջանառվում մահափորձի վերաբերյալ, որպեսզի մարդիկ հանգիստ արտահայտեն իրենց կարծիքը՝ չվախենալով, որ իրենց վրա կարող են «բարդել» ինչ ասես: Նրանք պետք է գոնե հայտարարեն՝ ներքի՞ն, թե արտաքին վարկածներ են դիտարկվում: Թեեւ, ինչպես ասում էր Հայրիկյանը, Հայաստանում ներքին մրցակցությունն ամբողջությամբ կապված է արտաքինի հետ: