Այսօր լրագրողների հետ հանդիպեց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ով խոսեց Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին Հայաստանի մասնակցության մասին:

«Հայաստանը կմասնակցի մրցաշարի բացման պաշտոնական արարողությանը, իսկ դրոշակակիրը կլինի ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը,- նշեց Ռոստոմյանը և հավելեց,- յուրաքանչյուր մարզիկ, ով որոշել է մասնակցել խաղերին, արդեն հերոս է, և լավ արդյունք գրանցելու բոլոր նախադրյալները կան»:

Ռոստոմյանը հավելեց նաև որ, չնայած նրան, որ Բաքուն հայտարարել էր, թե բոլոր մասնակիցների ֆինանսական ծախսերը կվերցնի իր վրա՝ Հայաստանը հասկանալի պատճառով հրաժարվեց դրանից: ՀԱՕԿ նախագահը կֆինանսավորի հայ մարզիկների մասնակցությունը խաղերին:

Անդրադառնալով անվտանգությանը՝ Ռոստոմյանը նշեց, որ անվտանգության երաշխիք ստացել են Ադրբեջանից, Միջազգային օլիմպիական կոմիտեից և Եվրոպական օլիմպիական կոմիտեից:

«Որոշումը զուտ մարզական է: Ինչ վերաբերում է մեր հասցեին հնչած քննադատություններին՝ մեծ հաշվով ոչ ոքի հաճելի չէ գնալ Բաքու: Այս խաղերը Բաքվի սեփականությունը չեն: Պետք չէ մեկուսանալ սպորտային կարևորագույն իրադարձությունից»,- նշեց Ռոստոմյանը:

Անդրադառնալով մրցումներին չմասնակցող մարզիկներին՝ Արսեն Ջուլֆալակյանին և Արթուր Ալեքսանյանին, Ռոստոմյանը նշեց, որ նրանց պետք է հարցնել, թե ինչու չեն ցանկանում մասնակցել մրցումներին:

Բաքվի խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներից, ովքեր կնվաճեն ոսկե մեդալ, կստանան 50 հազար ԱՄՆ դոլար, երկրորդ տեղը զբաղեցնողները՝ 30 հազար, իսկ երրորդ տեղը՝ 20 հազար դոլար: Մարզիչներին կհատկացվի այդ ամենի 50%-ը: Առաջին խումբը կմեկնի հունիսի 10-ին: Ընդհանուր պատվիրակությունը կլինի 53 հոգի, մրցումներին Հայաստանից կմասնակցի 25 մարզիկ: