Հայ ժողովրդի պատմության ամենապայծառ էջերն է զարդարում Մայիսի 28-ը: Այն մեր ժողովրդի համար սեփական ուժերով ապրելու իրավունքը հերոսաբար պաշտպանելու փառահեղ օրինակ է և հայկական պետականության վերականգնման փայլուն սկիզբ: Այս մասին Սարդարապատի հուշահամալիրում հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ներկայացնելով Հանրապետության օրվա կապակցությամբ ուղերձը:
«Թուրքական բանակի դեմ Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում տոնած մայիսյան հաղթանակները փրկեցին Արևելյան Հայաստանի վերջին հողակտորները և դրանց վրա ապրող հայությանը: Բոլորի համար պարզ էր, որ Արևելյան Հայաստանի համար նախատեսված էր նույն ճակատագիրը, ինչին արդեն արժանացել էր արևմտահայությունը: Այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել և դեռ իրականացվելու են: Այսօր մեր պարտքն է արձանագրել, որ հայերի իսպառ բնաջնջումը կասեցրել ենք մենք՝ հայ ռամիկն ու շինականը, հայ ռազմիկն ու քաղաքական գործիչը, ուսուցիչը և հոգևորականը. մենք կասեցրել ենք մայիսյան հերոսամարտերով, հայկական պետականության ստեղծմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ՀՀ Նախագահը:
Սարդարապատում Հայաստանի Առաջին Հանրապետության 97-ամյակին նվիրված տոնակատարությունները մեկնարկեցին հանդիսավոր շքերթով, այնուհետև Նախագահը Սարդարապատի թանգարանում պարգևատրեց մշակույթի և արվեստի գործիչների, զինծառայողների, բազմազավակ ընտանիքների: