ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանւը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ մեր ժողովրդին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։
Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր մանուկներին այս գեղեցիկ տոնի առիթով։ Զուր չի ասված, որ երեխաները երկրի ապագան են։ Ուստի մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որ երաշխավորենք փոքրիկների համար խաղաղ, անհոգ մանկություն։ Երկրապահն իր պարտքն ու պարտականությունն է համարում մանուկների ռազմահայրենասիրական դաստիարակության հարցում հայոց պետականությանը սատարելը։ Հենց այդ նպատակով է, որ «Պատանի երկրապահ» կառույցի տասնյակհազարավոր տղաների և աղջիկների համար կազմակերպում ենք հրամանատարասերժանտական դասընթացներ՝ փոխանցելով նրանց հմտություններ շարային, կրակային, ֆիզիկական պատրաստվածությունից, առաջին բուժօգնությունից, արտակարգ իրավիճակներում կողմնորոշումից, հայ ազգի և հայոց եկեղեցու պատմությունից։ Գոհունակությամբ արձանագրեմ, որ այս ազգանվեր գործում ԵԿՄ-ին աջակցում են պաշտպանության, կրթության, արտակարգ իրավիճակների, առողջապահության, սոցիալական հարցերի նախարարությունները, ոստիկանությունը, հայ առաքելական սուրբ եկեղեցին։ Բոլոր այս ձեռնարկներում անուրանալի աջակցություն է ցուցաբերում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով անչափ կարևորում է գալիք սերնդի հայեցի կրթման, դաստիարակման նշանակությունը։
Սիրելի՛ երեխաներ, հարգարժա՛ն պատանի երկրապահներ, պատահական չէ, որ ամառային ուսումնամարզական վարժանքները Երկրապահն սկսում է հենց հունիսի 1-ից, որ և՛ ամռան առաջին օրն է, և՛ օր է, որ միջազգային օրենսդրությամբ նվիրված է ձեր իրավունքների պաշտպանությանը։ Այս տարի Գեղարքունիքի մարզի մի գեղատեսիլ հատվածում կազմակերպվող ամառային վարժանքներին կմասնակցեն, զուգահեռաբար էլ ամառային հանգիստ կանցկացնեն մոտ 5 000 պատանի երկրապահ կամավորական, երեխաներ, որ լինելու են վաղվա հզոր, բարեկեցիկ Հայաստանի և պաշտպանված, ինքնիշխան Արցախի տերն ու տիրականը, լինելու են հայոց պետականության, հայկական հայրենիքի ծառան ու ծաղկեցնողը։
Թանկագի՛ն երեխաներ, որ բնակվում եք հայրենիքում, Արցախում և Սփյուռքում, ևս անգամ շնորհավորելով՝ մաղթում եմ ամենքիդ առողջություն, երջանկություն, հաջողություններ բոլոր ձեռնարկներում, իսկ աշխարհին՝ խաղաղություն, որ ձեր միակ մտահոգությունը խաղաղ, ստեղծագործ աշխատանքը լինի, որ կարողանաք լիարժեքորեն դրսևորվել ձեր նախընտրած ոլորտներում, հայրենիքի, պետության, ընտանիքի, իսկ առանձին շնորհալինեն էլ՝ աշխարհի համար պիտանի մարդիկ դառնան»։