Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ԼՈՒՐԵՐ.com-ը, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիրը» դարձավ կուսակցություն:

 

Տեղի ունեցավ կուսակցության հիմնադիր համագումարը, որի ընթացքում ընդունվեց կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, ընտրվեց կուսակցության ղեկավար մարմինը:


ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ՝ ճշտելու՝ նոր կուսակցությունն ի՞նչ կփոխի ներքաղաքական կյանքում:

 

«Հայաստանում որևէ կուսակցություն միայնակ ոչինչ փոխել չի կարող: Նախ պետք է միասնություն և երկրորդն էլ՝ ցանկություն, այդ փոփոխություններն իրականացնելու համար»,- ասաց Մարտիրոսյանը:

 

Հարցին՝ «Ժառանգություն» կուսակցությունը պատրա՞ստ է ինչ-ինչ հարցերի շուրջ համագործակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, Մարտիրոսյանն ասաց. ««Ժառանգությունը» պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, ում հետ որևէ խնդրի և դրա լուծումների վերաբերյալ կունենա միանման մոտեցում: Մենք այդ  գործելաոճով ենք շարունակել մինչև հիմա և այդպես էլ շարունակելու ենք»: