Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր տեղի ունեցավ Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հիմնադրած  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համագումարը: Համագումարի ընթացքում ընդունվեց կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, ընտրվեց կուսակցության ղեկավար մարմինը:

 

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը, կարծիք հայտնելով նոր կազմված ընդդիմադիր կուսակցության մասին, ասաց. «Մենք ժողովրդավարական երկիր ենք: Դա արդեն փաստ է և իրողություն: Ցանկացած քաղաքացի, ով ունի համախոհներ և կարծում է՝ անելիք ունի քաղաքականության մեջ, ունի ծրագիր, պատկերացումներ, կարող է իր համախոհներին համախմբել, ձևավորել իր քաղաքական թիմը և գնալ առաջ»:

 

 

Պատգամավորը նաև մեկ նկատառում ունի՝ անելիքները պետք է լինեն ավելի կառուցողական, պետականամետ, բխեն մեր երկրի, մեր պետության, ժողովրդի շահերից.

 

 

«Ցավոք, այսօր որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչներ իրենց ընդդիմադիր կեցվածքը փորձում են ընդգծել իրենց ընդդիմադիր ելույթներով, բայց միայն դա չէ էականը, որպեսզի հասկանանք՝ ընդդիմություն են: Այսօր կառուցողական ընդդիմությունը շատ ավելի կարևոր անելիք, շատ ավելի կարևոր գործ ունի, քան այն քաղաքական գործիչները, ովքեր ընդամենը գորշ գույներով են ներկայացնում իրականությունը»,- ասաց Հովհաննես Սահակյանը: