ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանն, անդրադառնալով այն հրապարակմանը, թե ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում գերմանական արտադրության տեխնիկայի փոխարեն վաճառվում է չինական արտադրության ապրանք, նշեց, որ հանձնաժողովը հենց այսօրվանից ուսումնասիրություններ է սկսելու՝ հրապարակման հիման վրա: 

 

«Սպառողն իրավունք ունի տեղեկացված լինելու ամբողջությամբ, թե իրեն առաջարկված ապրանքը որ երկրում է արտադրված, ինչ որակական հատկանիշներ ունի և այլն: Արտադրողը կամ վաճառողն, օրենքին համապատասխան, պարտավոր են ապրանքի մասին ամբողջական և իրականությանը համապատասխանող տեղեկատվություն տրամադրել: Հակառակ դեպքում՝ դա օրենքի խախտում է»,- ասաց մամուլի քարտուղարը:

 

Այսօր 1in.am լրատվական կայքը գրել էր այն մասին, որ տևական ժամանակ է՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը «Վեգա» խանութների ցանցի հետ համատեղ գովազդում է գերմանական «Բերգ» ապրանքանիշի սառնարանների, հեռուստացույցների, լվացքի մեքենաների ու այլ տեխնիկաների «ցնցող» ակցիայի մասին:

 

Սակայն ուշագրավ է, որ գովազդվող գերմանական «Բերգ» ապրանքանիշը «Վեգա» խանութների ցանցում բնավ էլ գերմանական չէ, այլ չինական, ինչն իր որակով մի քանի անգամ զիջում է գերմանական իսկական ապրանքանիշի տեխնիկային: Սակայն «Վեգան» խնամքով տեխնիկայի առկա տեսականին ներկայացնում է որպես գերմանական և ակցիաների տակ վաճառում հայ սպառողին:

 

«Կոնկրետ այս դեպքի մասին հանձնաժողովում տեղեկատվություն չկա, այս դեպքը ևս բացառություն չի կազմի, այն ևս կուսումնասիրվի հանձնաժողովի կողմից, և եթե լինեն փաստեր, ապացույցներ՝ օրենքի խախտման հետ կապված, ապա համապատասխան միջոցներ կձեռնարկվեն»,- ասաց Գայանե Սահակյանը և նշեց, որ «Երևան Սիթիին» ևս հնարավորություն կտրվի խնդիրը պարզաբանելու: Հանձնաժողովը կպահանջի ներկայացնել տեղեկատվություն, և փաստերը կհամադրվեն հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրության հետ: Այնուհետև հանձնաժողովը կկայացնի իր որոշումը: