Երևանի Բեկնազարյան փողոցում 5-ամյա երեխայի մահվան պատճառ դարձած վերելակը տեղակայված է եղել 4 հարկանի սեփական տանը և ենթակա չի եղել փորձաքննության: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՏԿԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի շարժասանդուղքների, վերելակների և ճոպանուղիների տեխնիկական անվտանգության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը:

 

 

«Վերելակը տեղադրված է եղել 4 հարկանի սեփական տանը, և համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի' ենթակա չի եղել փորձաքննության: Օրենքով սահմանված է, որ վերելակները համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ, եթե դրանք տեղադրված են հանրային նշանակության կառույցներում, այդ թվում՝ արտադրական շինություններում, բազմաբնակարանային շենքերում և ընդհանուր օգտագործման վայրերում: Իսկ այս վերելակը, համաձայն օրենքի, գրանցման և տեխնիկական անվտանգության փորձաքննության ենթակա չէ»,- ասաց Հովհաննիսյանը:

 

 

Նա տեղեկացրեց, որ տարվա ընթացքում մեկ անգամ պարտադիր տեխնիկական զննության է ենթարկվում ցանկացած արտադրական օբյեկտ, այդ թվում նաև վերելակները: Բացի այդ, վերելակների սպասարկման համար կնքվում են սպասարկման պայմանագրեր, և սպասարկող կազմակերպությունը պարտավորվում է վերելակը պահել տեխնիկապես լավ վիճակում: