ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մերժեց ՀԱԿ խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագիծը, որը չներառվեց հաջորդ քառօրյայի օրակարգում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' թեժ քննարկում ծավալվեց հանձնաժողովի նիստի ժամանակ «Գազամատակարարման բնագավառում հայտնաբերված չարաշահումների և Հայաստանի Հանրապետությունում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագնի իջեցմանն ուղղված միջոցառումների մասին» նախագծի շուրջ: ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը նշեց, որ այդ նախագծով ցանկանում են խորհրդարանում քննարկել իրենց կատարած ուսումնասիրությունները, որոնք խախտումներ են հայտնաբերել գազի մատակարարման ոլորտում, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկել գազի սակագնի իջեցման հարցն ուսումնասիրել: «Մենք վստահ ենք, որ մեր ուսումնասիրության արդյունքները բավարար են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ուղարկելու համար, որպեսզի նրանք քննարկեն գազի սակագնի իջեցման հարցը»,- ասաց Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ կան փաստեր, որոնք հանձնաժողովը կարող է ուղարկել Գլխավոր դատախազություն՝ իրականացված չարաշահումներն ուսումնասիրելու համար:
Արամ Մանուկյանը ներկայացրեց երկու փաստ, որոնք, ըստ նրա, վկայում են խախտումների մասին: «Այդ փաստերից մեկն այն է, որ գազ սպառող բոլոր իրավաբանական անձինք, վառում են որոշակի ծավալի գազ, իսկ գազի տեսուչներն իրավաբանական անձանց սպառած գազի քանակի վրա ավելացնում են ճնշման գործակից: Տարիներ շարունակ այդ կոռուպցիոն գործընթացն իրականանում է, և չկա որևէ հիմք, պայմանագիր գազ սպառող կազմակերպությունների հետ, որ պետք է այդպիսի հաշվարկ կատարվի»,- ասաց Արամ Մանուկյանը: Նա օրինակ բերեց, որ իրավաբանական անձը կարող է սպառել 10 հազար խորանարդ մետր գազ, որի դեպքում ճնշման գործակից անվան տակ տեսուչները բազմապատկում են այդ թիվը որոշակի ցուցանիշով և արդյունքում ստացվում է, որ 10 հազար խորանարդ մետրի դիմաց կարող են պահանջել 13 հազար խորանարդ մետր գազի համար նախատեսված գումար:
Այս փաստին ի պատասխան' Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հակադարձեց, որ իրավաբանական անձինք այդ հարցը բարձրացրել են ու ստացել պատասխան: Նրա տեղեկացմամբ՝ նման հաշվարկման մեթոդ գոյություն ունի, որը սահմանված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոները հաստատելու մասին» որոշման 6.1 հոդվածով: Այն է՝ «Մատակարարված գազի քանակը որոշվում է հաշվարկային ամսում սպառողի առևտրային հաշվառքի սարքի (հաշվառքի կայանի չափող սարքավորումների) գրանցած ցուցմունքների տարբերությամբ: Հաշվառված բնական գազի քանակը ճշգրտվում է «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական չափագիտական հսկողության և վերահսկողության ենթակա ոլորտներում կիրառվող չափումների կատարման մեթոդիկաներով: Սպառված բնական գազի քանակը չի ճշգրտվում, եթե սպառողը օգտագործում է ցածր ճնշման բնական գազ, և բնական գազի ծախսը հաշվառվում է մինչև G6 (ներառյալ) տիպի բնական գազի մեկ առևտրային հաշվառքի սարքով»:
Մյուս փաստը, որ բերեց Արամ Մանուկյանը, վերաբերում էր 10 հազար խորանարդ մետրից պակաս և ավելի գազ սպառողներին: Նրա խոսքով՝ կա մոտ 750 ընկերություն, որոնք սպառում են 10 հազար խորանարդ մետրի շեմին մոտ գազ, բայց հանցավոր համաձայնության են գալիս տեսուչների հետ և գրանցում, թե իբր օգտագործել են, օրինակ, 10 հազար 20 խորանարդ: Այդպիսով՝ նրանց համար գործում է 277 դոլար սակագինը 1000 խորանարդ մետրի դիմաց' ի համեմատ 10 հազար խորանարդ մետրից պակաս գազ օգտագործողների, ում դեպքում' 1000 խորանարդ մետրի դիմաց այսօրվա դրությամբ գործում է մոտ 330 դոլար սակագինը: Արամ Մանուկյանի խոսքով՝ այստեղ ևս դատախազությունը կարող է ուսումնասիրություն իրականացնել և խախտումներ հայտնաբերել:
Վարդան Այվազյանը գոնե մեկ ընկերության անուն խնդրեց, որը նման մեքենայության է դիմում, սակայն, Արամ Մանուկյանը հակադարձեց, որ ինքը քննիչ չէ նմանատիպ ինֆորմացիա հաղորդելու համար: «Ասում եմ մի դեպք ասեք… դա նշանակում է, որ 800 կազմակերպությունների ասենք՝ ավել գումար վճարի»,- ասաց Վարդան Այվազյանը: Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահն Արամ Մանուկյանին առաջարկեց իրենց ուսումնասիրությունները ներկայացնել դատախազություն որպես հաղորդում հանցագործության մասին:
Նա հիշեցրեց, որ բոլոր քաղաքական ուժերը, բացի ՀԱԿ-ից, գնացել են Մոնիտորինգի խումբ ստեղծելու ուղղությամբ, որը յուրաքանչյուր կիսամյակ պետք է իր ուսումնասիրությունների հաղորդումը ներկայացնի Ազգային ժողովին: