Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ ապրիլի 25-ին մայրաքաղաքի մշակութային օջախների ղեկավարների հետ աշխատանքային քննարկում է կազմակերպել գնումների ոլորտին առնչվող հարցերի շուրջ:
Ինչպես հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, անձնաժողովի նախագահը նշել է, որ հիմնական նպատակն է վեր հանել ոլորտում առկա խնդիրները եւ փորձել կառավարության հետ համատեղ դրանց տալ օրենսդրական լուծումներ:
Երեւանի տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հավաստմամբ՝ գործող «Գնումների մասին» օրենքը ոչ թե կարգավորում է բնագավառը, այլ միայն ստեղծում է խոչընդոտներ, հաշվի չի առնում ոլորտի առանձնահատկությունները:
Բանախոսը խնդիրներից առանձնացրել է մրցույթ կազմակերպելու գործընթացը, ինչը, ըստ նրա, չի ապահովում որակյալ ապրանքի ձեռքբերում: Օրենքն արգելում է նշել ապրանք արտադրող երկրների եւ կազմակերպությունների անունները:
Ռուբեն Բաբայանը նշել է, որ օրենքում բացակայում է, «վստահելի գործընկեր» հասկացությունը, առաջարկել է ուսումնասիրել համաշխարհային փորձը: Ըստ նրա` անհրաժեշտ է բեմադրության ծախսերն առանձնացնել եւ այն սահմանել առաձին տողով, ներկայացումների համար տրամադրել թատրոնի ընդհանուր բյուջեի 30 տոկոսը:
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նկատել է, որ գանձապետական համակարգը պետությանը պատկանող դրամական միջոցների սպասարկումն ու համակարգումն իրականացնում է օրենքի դրույթներին համապատասխան: Նրա խոսքով՝ փաստաթուղթը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային հարուստ ու քննություն բռնած փորձը: Նախարարը մեկ կազմակերպությունից գնումների իրականացումը համարել է ռիսկային:
Ֆինանսների նախարարը պատրաստակամություն է հայտնել նեղ մասնագիտական շրջանակում քննարկել առաջարկությունները եւ գտնել լուծումներ:
Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ կառավարությունը գնումների ոլորտում իրականացնում է վերահսկողական հստակ գործառույթներ եւ ապահովում դրա թափանցիկությունը:
Նշվել է, որ հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկումները կլինեն շարունակական: