Ազգային ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունները կասեցնելու մասին օրենքի նախագիծը: Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում կար երկու հարց, որոնցից մեկը' «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, հեղինակ Շիրակ Թորոսյանի նախաձեռնությամբ հետաձգվել էր: Արտեմ Ասատրյանը, ներկայացնելով կառավարության կողմից ուղարկված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունները կասեցնելու մասին նախագիծը, որը նիստի երկորրդ հարցն է, նշեց այն հիմնական կետերը, որոնք նախատեսում է օրենքի նոր նախագիծը:
«ՀՀ նորանշանակ վարչապետը վերջին օրերին ունեցավ տարբեր խորհրդակցություններ, այդ թվում' քաղաքական ուժերի հետ և ձևակերպվել է մի մոտեցում, որը ձեր քննարկմանն է ներկայացվել: Ըստ էության' այն Սահմանադրական դատարանի որոշումից հետո առաջին քայլն է մինչև խնդրի ամբողջական լուծում ապահովելը: Կեսաթոշակային բարեփոխումները անհրաժեշտություն են Հայաստանի համար, այդ առումով' ոչ մի ուժ հակառակ կարծիք չի էլ հայտնել, այստեղ կան իրականացման ձևի ու մեխանիզմների հետ կապված խնդիրներ:
Ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է մինչև ՍԴ պահանջների կատարումը իրականացնող օրենսդարական փաթեթի ընդունումը, կասեցնել 76-րդ հոդվածի գործածումը:
Սա նշանակում է, որ պարտադիր կուտակային վճարների կատարման համար օրենքով նախատեսված տույժերի կանոնակարգումն ապահովող դրույթը կասեցվում է»,-ասաց Արտեմ Ասատրյանը:
Նրա խոսքով' երկրորդ խնդիրը, որով անդրադարձ է կատարվոմ այս օրենքի նախագծով, այն է, որ պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու պարտավարություն ունեցող անձն ազատվում է պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացնելու համար օրենքով նախատեսված տույժերից: «Երրորդը' կասեցված դրույթը ժամկետը լրանալուց հետո պետք է կանոնակարգվի ու դա կարվի ամբողջական պահանջներն ապահովելու նպատակով ընդունվելիք ՀՀ օրենքով սահմանված կարգով ու պայմաններում: Առաջարկում եմ այս խմբագրությամբ օրենքի նախագիծը ներկայացվի ԱԺ քննարկմանը»,-ասաց Արտեմ Ասատրյան ը:
ՀՀ կառավարությունն ապրիլի 23-ի նիստի ժամանակ հաստատեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին նախագիծը: Նախագծով առաջարկվում է գործատուին ազատել վարձու աշխատող և պայմանագրային եկամուտ ստացող մասնակիցների համար (անունից) 2014 թվականի հունվար-ապրիլի կուտակային վճարները չկատարելու կամ ու շացումով կատարելու համար օրենքի 76-րդ հոդվածով սահմանված տույժերից: Նախագծով մինչև Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի N ՍԴՈ-1142 որոշման ամբողջական կատարումն ապահովող իրավական ակտերի ընդունումը կկասեցվի օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը: