Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ՀՀ գլխավոր դատախազության 2014թ. գործունեության հաղորդման քննարկման ընթացքում տպավորություն է ստացել, թե խորհրդարանն այդ քննարկումից ակնկալել է լսել, որ տարիներ շարունակ դատաիրավական համակարգում առկա խնդիրները մեկ տարվա մեջ արմատախիլ են արվել: Իր ելույթում Սամվել Ֆարմանյանն արձանագրեց, որ ի սկզբանե բոլորի համար էլ պարզ է, որ հաղորդման քննարկումից այդպիսի ակնկալիքներ ունենալը կլիներ իրավիճակի ոչ համարժեք գնահատման կամ հատուկ մոտիվացիայի արդյունք: «Մի՞թե մենք սպասում էինք, որ իր գործունեության մեկ տարվա ընթացքում գլխավոր դատախազը կարող էր լուծել համակարգային այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կոռուպցիան, ընտրակեղծիքների ամբողջական բացառումը և այլն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց պատգամավորը:

 

 

Անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազի գործունեության վերաբերյալ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քննադատական ելույթին, որում պատգամավորը քննադատել էր նաև գլխավոր դատախազի շարժումները՝ Սամվել Ֆարմանյանն ընդգծեց. «Պարո՛ն Փաշինյան, եթե երբևէ ժեստերով խոսելու վիճակագրություն կազմվի, դուք այդ հարցում առաջ կանցնեք պատմության մեջ այդ հարցում անխոս առաջատար Ադոլֆ Հիտլերից: Ես կարծում եմ, որ պետք է միայն կենտրոնանալ և քննարկել դատախազության գործունեության վերաբերյալ հարցերը»,- ասաց պատգամավորը:

 

 

Պատգամավորն իր ուրախությունը հայտնեց, որ շատ պատգամավորներ ելույթներ են ունեցել դատաիրավական ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ՝ ընդգծելով, որ պետք չէ արդարադատության իրականացման, իրավական համակարգում առկա խնդիրների լուծման ողջ պատասխանատվությունը դնել դատախազության վրա:

 

 

Ֆարմանյանն ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ Հայաստանի դատախազական համակարգում համակարգային կոռուպցիա չկա, ինչը ներկայիս գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի աշխատանքի արդյունքն է:

 

 

Եզրափակելով ելույթը՝ Ֆարմանյանը գլխավոր դատախազին կոչ արեց շարունակել հավատարիմ մնալ այն սկզբունքներին, որ նա որդեգրել է՝ շարունակելով իրականացնել այն, ինչ պահանջում է հասարակության շահը, ինչ պահանջում է Հայաստանի ապագան: