Համահունական մարտական ճակատ կոմունիստական արհմիության (PAME) անդամները հունիսի 11-ի վաղ առավոտյան գրավել են Հունաստանի ֆինանսների նախարարության շենքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է գերատեսչության աշխատակցուհին:
Շուրջ 150 մարդ ներխուժել է ֆինանսների նախարարության շենք, որը գտնվում է Աթենքի կենտրոնի Սինտագմա հրապարակում, բարձրացել շենքի տանիք և կախել հսկայական ցուցապաստառ՝ նախկին վարչապետներ Պապանդրեուի, Սամարասի և կառավարության ներկայիս ղեկավար Ցիպրասի դիմանկարներով և «Բավ է արյուն հեղենք ու վճարենք: Ժողովուրդ՝ գործելու ժամանակն է: Կանգնեցնել նոր միջոցներն ու հուշագրերի շարունակումը» մակագրությամբ:
PAME-ն Ցիպրասին մեղադրում է այն բանում, որ նա երրորդ հուշագիրն է պատրաստում վարկատուների հետ:
Հունիսի 11-ի երեկոյան արհմիությունը զանգվածային հանրահավաք է նախապատրաստում Աթենքի կենտրոնում՝ ուղղված կառավարության քաղաքականության դեմ: PAME-ի հայտարարության համաձայն՝ հանրահավաքներ կանցկացվեն ամբողջ երկրում, արդեն ավելի քան 700 արհմիություններ ու խոշոր միավորումներ հայտարարել են դրանց մասնակցելու որոշման մասին: