ՆԳՆ ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել հանրապետության ամբողջ տարածքում, ապահովվել անվտանգ երթևեկը, իսկ դպրոցամերձ տարածքներում՝ երեխաների տեղաշարժը։
 
Ձյան տեղումներից հետո Հանրապետության քաղաքային բնակավայրերում ճանապարհները դժվարանցանելի են դարձել ոչ վարորդների՝ այլև քաղաքացիների համար։
 
Հաշվի առնելով, որ առավոտյան ժամերին ճանապարհներին դեռևս առկա է մերկասառույց, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ և ծառայությունների ղեկավարների հրահանգով, փրկարարական և ոստիկանական վերակարգերն առավոտյան ժամը 8-ից անցել են ուժեղացված ծառայության։
ԱԻ պետական ծառայության փրկարարներն ապահովվել են դպրոցականների անվտանգ տեղաշարժը՝ ուսումնական հաստատությունների մերձակա խաչմերուկներում և մոտակայքում, իսկ ճանապարհային ոստիկանության ծառայողներն ապահովել են ավտոմեքենաների անխափան տեղաշարժը։
 
Արվել է առավելագույնը՝ բացառելու երեխաների կյանքին ու առողջությանը վտանգող ցանկացած իրավիճակ և նվազագույնի հասցնելու ճանապարհատրանսպորտային պատահարները:
 
Այդ նպատակով ՆԳ նախարարությունը կոչ է անում ուշադրության կենտրոնում պահել երեխաներին դպրոց գնալիս ու վերադարձին, կատարել երթևեկը կարգավորող ՆԳՆ ծառայողների ցուցումները:
 
Վարորդներից պահանջվում է բացառիկ ուշադիր ու զգոն լինել դպրոցների շրջակայքում, չգերազանցել սահմանված արագությունը, անհարկի կայանումով չխոչընդոտել երթևեկությունը: