Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի եռագույնով:
Այս մասին տեղեկացանք Վրաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից:
2018-ին հեռուստաաշտարակը ևս լուսավորվել էր Հայաստանի դրոշի գույներով: Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 28-րդ տարեդարձը: 28 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95,5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն' ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Արդեն երկու օր անց' սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն: