Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի եզրափակիչ փուլում մրցանակային տեղերի համար կպայքարեն 5 ջութակահարներ: Ինչպես տեղեկացնում են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից, միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ են անցել Դավիթ Արդուխանյանը (Ռուսաստան), Պիեռ Ֆրապիերը (Ֆրանսիա), Մարիամ Վարդանյանը (Հայաստան), Անդրեա Օբիսոն (Իտալիա), Իվա Միլետիչը (Սերբիա):

 

 

Հունիսի 12-ին և 13-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք երրորդ փուլի ընթացքում մասնակիցները Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ կկատարեն Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը և Մոցարտի Ջութակի կոնցերտ No.3:

 

 

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում և անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: