ՔՊ-ական մարզպետները վերջին օրերին ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի ապացուցեն իրենց հավատարմությունը Նիկոլ Փաշինյանին, սակայն, քանի որ վերջիններս մոռանում են, որ երկիրը փոքր է, տեղեկատվություն ճշտելն էլ հինգ րոպեի խնդիր, որպես կանոն նրանց օգնությունը վեր է ածվում արջի ծառայության։
Դիցուք' Գյումրիում երեկ «Դիմադրություն» շարժման դեմ փողոց փակող մի խումբ սադրիչների մեջ էր նաև Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հարազատ եղբայրը՝ Արման Բաղդասարյանը: Առայժմ պարզ չէ՝ Նազելի Բաղդասարյանի հարազատ եղբայրն այդտեղ էր հայտնվել իբրև գերու ծնո՞ղ, գերու եղբա՞ր, թե՞ ՔՊ-ական մարզպետ քրոջ իշխանությունը փրկելու փորձեր անող շարքային սադրիչ:
Փաշինյանի աջակիցների շարքում էր նաև ոմն Սևակ Հովհաննիսյանը, ով պահանջում էր որպեսզի ընդդիմադիրները չխանգարեն իրենց ակցիաներով և թույլ տան գործող իշխանություններին վերադարձնել Բաքվում գտնվող գերիներին։ Տվյալ անձը հայտարարում էր, որ նույնպես գերի ընկած ազգական ունի, սակայն քիչ անց պարզվեց, որ վերջինիս ազգականը Նազելի Բաղդասարյանն է։
Շիրակի մարզպետին այս առումով չի զիջում Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ Վանաձարում տապալված ՏԻՄ ընտրություններից հետո նա հատկապես խնդիր ունի շահել Փաշինյանի սիրտը։ Այդ խնդիրը լուծելու ճանապարհին էլ Խաչատրյանը որոշել էր երկու օր առաջ համայնքապետարանի աշխակատակիցներին հանել ընդդեմ ցուցարարների, այն էլ' աշխատանքային ժամին, երբ վերջիններս քաղաքացիների հարկերից աշխատավարձ ստանալով պետք է որ լծված լինեին համայնքի շենացմանը։
Ուշագրավն այն է, որ Բաղդասարյանն ու Խաչատրյանը, ըստ էության, հեծանիվ չեն հորինել, այլ ընդամենը կրկնել են իրենց իսկ կողմից մերժված նախկինների ձեռագիրն ու մեթոդները։ Օրինակ' 2018-ի ապրիլի 17-ին Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտնել էր, թե իր տեղեկությունների համաձայն' Բաղրամյան պողոտայում սադրիչներ են հայտնվել, նրա խոսքով՝ «Շմայսի բրիգադներն են»։ «Նրանք որեւէ կապ չեն կարող ունենալ մեր շարժման հետ։ Թե Սերժ Սարգսյանն ինչ հնդկական կինոներ է նկարում, իր պրոբլեմն է»,- ասել էր Փաշինյանը։ Նա նաեւ ի պատասխան Շմայսի՝ նախկին դեպուտատ Առաքել Մովսիսյանի, ասել էր, որ նրա գլուխը թրաշելու է:
2012-ին նույն Փաշինյանը հայտարարում էր, որ ընդդիմադիր պատգամավորական թեկնածուների վրա են հարձակվել Սամվել Ալեքսանյանի սադրիչները։
Ժամանակին Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետին էին մեղադրում ընդդիմադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքներին սադրիչներ ուղարկելու մեջ։ Գեղարքունիքի ՀՀԿ-ական մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ազգականները ևս մի քանի անգամ հայտնաբերվել են ընդդիմադիրների ակցիաները տապալել փորձող սադրիչների շարքերում։
Ստացվում է, որ քիչ չի Նազելի Բաղդասարյանը և Արամ Խաչատրյանը որդեգրել են նախկինների մեթոդները' դեռ մի բան է հաջողացնում են դրանց կիրառմամբ արջի ծառայություն մատուցել Նիկոլ Փաշինյանին, ով իր ենթակաների կազմակերպած շոուների բացահայտումներից հետո հայտնվում է, մեղմ ասած, անհարմար վիճակում...