Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հաճախ էր կրկնում, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը աչք է փակում ՀՀԿ-ի և հանրապետականների մերձավոր շրջապատի՝ իրեն մատուցած «արջի ծառայությունների» վրա և, եթե Սարգսյանը ոչինչ չէր անում, տեսնելով անգամ, որ նմանօրինակ արարքներն առաջին հերթին հենց իր վարկանիշին են հարվածում, ապա այդ ամենը արվում էր հենց իր հովանու տակ: Հեղափոխությունից հետո բազմաթիվ դեպքեր արձանագրվեցին, երբ պաշտոնով իմքայլականները, պարզապես ՔՊ-ականները, ակտիվիստները, փորձելով այս կամ այն կերպ օգնել Փաշինյանին, իրականում, հենց վերջինիս են դրել ծայրահեղ անհարմար դրության մեջ:
Օրինակ՝ Սասուն Խաչատրյանը մինչ օրս խոսում է Ռոբերտ Քոչարյանի միլիարդների մասին. այդ թեզը արծարծել է նաև Նիկոլ Փաշինյանը՝ հղում անելով համապատասխան մարմիններին, մինչդեռ Խաչատրյանը մինչ օրս փնտրում է այդ միլլիոնները, իսկ վարչապետն արդեն իսկ ստախոս է դուրս եկել: Վահե Գրիգորյանը, ով ցանկանում էր արագ լուծել ՍԴ հարցը և խորհրդարանի ամբիոնից ինքնահռչակվում էր ՍԴ նախագահ, նույնպես «արջի ծառայություններ» էր մատուցում Նիկոլ Փաշինյանին, Փաշինյանի նշանակած մարզպետները, հետապնդելով համայնքապետերին, անում են նույնը, անգամ Սամվել Ալեքսանյանը, ով իր ֆաբրիկայի բացմանը գործարանի պատերը զարդարում է Նիկոլ Փաշինյանի հայտնի գրառմամբ, նույնպես «արջի ծառայություններ» է մատուցում վարչապետին, խմբագրությունների վրա հարձակվող, Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնող ակտիվիստները, կարծես թե, երդվում են Փաշինյանի անունով, սակայն իրականում ո՞վ է հայտնվում հանրության քննադատության թիրախում նրանց քայլերի արդյունքում՝ միայն Փաշինյանը:
Իրականում այդպես է, պատասխանատվությունը կրում է Նիկոլ Փաշինյանը, քանի որ «արջի ծառայություններ» մատուցողները կամ իր անմիջական ենթականերն են կամ այդ քայլերը անում են հանուն Նիկոլ Փաշինյանի և, եթե առաջնորդվենք ընդդիմադիր Փաշինյանի տրամաբանությամբ, եթե նա այսօր չի սանձում իրեն «արջի ծառայություն» մատուցողներին, եթե Վահե Գրիգորյանը, ում քայլի արդյունքում ՀՀ-ն հայտնվեց միջազգային հանրության քննադատության կենտրոնում, կամ Սասուն Խաչատրյանը, ով չի կարողանում ապացուցել իր խոսքերի իսկությունը, դեռ իրենց դիրքերում են, ուրեմն գուցե՞ այս ամենն արվում է հենց Փաշինյանի հովանու ներքո…