ԲՀԿ-ական պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին ու մարզի համայնքապետերին մեղադրել է «Իմ քայլը» դաշինքի օգտին աշխատելու համար: Ըստ նրա՝ մարզում համայնքապետերը մարդկանց ուղղորդում են՝ քվեարկելու «Իմ քայլը» դաշինքով առաջադրված թեկնածուների օգտին:
 
«Եվ հիմա ուղիղ եթերով դիմում եմ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին, բոլոր համայնքապետերին, ովքեր տարբեր համայնքներում բացահայտ ուղղորդում են տարբեր համայնքների բնակիչներին գնալ և քվեարկել «Իմ քայլը» դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածուներին:
 
Պարո՛ն Պողոսյան, դուք հավատարմորեն ծառայել եք Ռոբերտ Քոչարյանին, դուք նույնքան հավատարմորեն ծառայել եք Սերժ Սարգսյանին, հիմա դուք փորձում եք նույն արջի ծառայությունը մատուցել Նիկոլ Փաշինյանին: Ես վստահ եմ, որ վարչապետը չի հրահանգել Ձեզ՝ լինել Հռոմի Պապից ավելի կաթոլիկ, հավաքել համայնքապետերին և հրահանգել աշխատել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների օգտին: Ես հիմա կրկին ԿԸՀ նախագահի և կառավարության ուշադրությունն եմ հրավիրում Սյունիքի մարզպետի վրա: Եթե Դուք փորձում եք, չեմ ուզում շատ ավելի կոպիտ ձևակերպում ընտրեմ, եթե դուք մտածում եք, որ կարողանալու եք առավելագույն քվե ապահովելով՝ պահպանել Ձեր աթոռը, ապա ես հույս ունեմ, որ այն, ինչ Սիսիանում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ որևէ ուղղորդված քվե ինձ պետք չէ, անկեղծորեն հավատում եմ, որ վարչապետը ճիշտ է»,-ասաց Զոհրաբյանը:
 
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ համայնքապետերը, ովքեր մարզպետից հրահանգներ են ստացել, իրենց պահում են գռեհիկ, սպառնում են համայնքի բնակիչներին, կրկին ուղղորդում են քվեարկելու «Իմ քայլը» դաշինքի օգտին: Զոհրաբյանը հորդորեց դադարեցնել պրեսինգը ընտրողների վրա, չուղղորդել մարդկանց:
 
Առավել մանրամասն՝ տեսանյութում: