Ես գիտեմ՝ Նիկոլ Փաշինյանը համառ է, նա չունի հայրենիքի ու պատասխանատվության զգացողություն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նաիրա Զոհրաբյանը մինչեւ իր ելույթին անցնելը մի դեպք պատմեց. «Առավոտյան ժամը 6-ից սկսած տարբեր երկրներից ինձ զանգահարում են ու հարցնում՝ ոնց եմ, փորձեցի հասկանալ, թե ինչու են հետաքրքրվում իմ որպիսությամբ, քույրս ասաց՝ չե՞ս տեսել, Նիկոլի վկա աղանդն ինչ է տարածում սոցցանցերում։ Այդ տականքները «Նաիրի» կլինիկայի անունից տարածել են կեղծ մի հայտարարություն, թե Նաիրա Զոհրաբյանը քիչ առաջ ծանր կաթվածով տեղափոխվել է «Նաիրի» կլինիկա։ Բնականաբար, ֆեյքերը մեծ գոհունակությամբ տարածում էին։ Իսկ նրանք, որոնք գրել էին՝ թող մեռնի եւ այլն, բոլորիդ մաղթում եմ ձեր գրածը»։
Անդրադառնալով ԱԺ նիստին, որտեղ ընդդիմադիրները նախատեսել էին քննարկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը, ինչը, սակայն, չստացվեց, Զոհրաբյանն ասաց. «Սիրելի հայրենակիցներ, 2 օր առաջ դուք մեզ գործուղեցիք ԱԺ, վերջին հնարավորությունը տալով «Իմ քայլի» պատգամավորներին, խոսելու իրենց հետ, որպեսզի օրինական ճանապարհով ԱԺ-ում քննարկենք Արցախը թուրքի առաջ ծնկի բերած Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Բնականաբար, խոսակցություն չստացվեց։ Պարզվեց, որ ԱԺ «Իմ քայլի» պատգամավորներից մեկին Արցախից, Շուշիից ավելի շատ հետաքրքրում է Ազգային ժողովի կոտրված բռնակը։ Նրանք կանգնեցին ու պաշտպանեցին դավաճանությունը. ինչ տարբերություն իրենց համար՝ սելֆին Շուշիում կանե՞ն, թե՞ Թուրքիայում»։
Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հարցազրույցին, որում խոսք էր գնացել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դավաճան լինել, չլինելու մասին՝ ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «ՌԴ նախագահի հարցազրույցը իրենց պատճառում է մի անասելի հրճվանք, հարցազրույցից պոկում են մեկ բառ, որ Նիկոլը դավաճան չէ եւ դրանով հրճվում են։ Ի՞նչ եք կարծում՝ ՌԴ նախագահը պիտի ասեր՝ Նիկոլը դավաճա՞ն է։ Գուցե Ալիեւի համար Նիկոլն Ադրբեջանի ազգային հերոս է։ Չեմ բացառում, որ Ադրբեջանի խորհրդարանում սկսվի գործընթաց Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի ազգային հերոսի կոչում տալու համար, որովհետեւ այն ինչը Ալիեւն ուզում էր 30 տարի, Նիկոլ Փաշինյանը տարավ ու մատաղ արեց»։
Զոհրաբյանը նշեց, թե երեկ ինչ կարեւոր հայտարարություններ արեց ՌԴ նախագահը. «Նա ասաց՝ երբեւէ Շուշիի փոխանակման հարց չի եղել, Շուշիի փոխանակման հարցը ծագել է այս կոնֆլիկտի ժամանակ, իսկ ինչ էր ասում ստախոս Նիկոլը՝ պատերազմի դադարեցման ցանկացած ելքի դեպքում Շուշին առանց մարտի պիտի հանձնվեր Ադրբեջանին։ Պուտինը ասում էր՝ հոկտեմբերի 19-ին եւ 20-ին արժանապատիվ տարբերակ կար Շուշին պահելով հայկական վերահսկողության տակ, չկորցնելով բազմաթիվ տարածքներ, որոնք այսօր կորցվեցին, ունենալով նվազագույն զոհեր, կնքել հրադադար. Պուտինը նշեց՝ Ալիեւը համաձայն էր այդ տարբերակին, իսկ այդ տարբերակին չհամաձայնեց Նիկոլ Փաշինյանը»։
Զոհրաբյանն այդ առնչությամբ ընթերցեց Նիկոլ Փաշինյանի կողմից 2001 թվականին «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակած հոդվածից մի հատված. ««Ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաների ունեն գրավվյալ, եթե կուզեք ազատագրված, եթե կուզեք օկուպացված տարածքների վերաբերյալ։ Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձնենք Ադրբեջանին»։ Այսօր նա իրականացրեց այն ինչը գրել է տարիներ առաջ»։
«Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ դագաղներով, իշխանության եկավ հազարավոր օջախների դռան դիմաց սեւ լենտեր կապելով։ Նա իշխանությունից հեռանալու է մեր հայրենիքը գողանալով։ Ես գիտեմ՝ Նիկոլ Փաշինյանը համառ է, ինքը չունի հայրենիքի զգացողություն, պատասխանատվության զգացողություն։ Ինքը 2 միլիոն դոլարի ռեմոնտ է արել այդ դաչաները, ինքն արդեն կոմպլեքս ունի այդ դաչաներում ապրելու»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը։