Սահմանադրական դատարանն երեկ որոշում է կայացրել մերժել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության նախաձեռնությունը: Իսկ սա նշանակում է, որ իշխանությունները ստիպված են լինելու շուտափույթ կերպով գտնել Հրայր Թովմասյանի՝ դեռևս անհայտ սանիկներին և կալանավորել նրանց, կամ էլ ստիպված են լինելու ընտրել ՍԴ նախագահից ազատվելու և ՍԴ-ն ցրելու այնպիսի ճանապարհ, որը կհամապատասխանի միջազգային իրավական նորմերին և իրավական կարգավորումների շրջանակից դուրս չի գա: Սա, սակայն, երեկվա միակ իրավական ապտակը չէր: Վենետիկի հանձնաժողովն էլ կարծես եկել է այն եզրակացության, որ ժամանակից շուտ փողի դիմաց դատավորին գործից ազատելու առաջարկը մեղմ ասած աբսուրդային է և որևէ կերպ չի տեղավորվում միջազգային իրավունքի տրամաբանության մեջ:
Ըստ հանձնաժողովի մի քանի դատավորների եւ նույնիսկ ինը դատավորներից յոթ դատավորների հնարավոր միաժամանակյա կենսաթոշակի անցնելը կարող է խաթարել դատարանի արդյունավետ գործունեությունը։ Այդ իսկ պատճառով Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տալիս հայկական իշխանություններին վերանայել առաջարկվող սխեման այնպես, որ այս մտահոգությունը մեղմացվի: Նույն պատկերն էր նաև ամիսներ առաջ, երբ Վենետիկի հանձնաժողովը մեղմ ասած տարակուսելի գնահատեց իշխանությունների ներկայացրած վեթթինգի մասին նախագիծը: Դա էր պատճառը, որ Փաշինյանի թիմը ստիպված եղավ փոքր-ինչ վերանայել իր մոտեցումները և կարելի է ասել, նույնիսկ հրաժարվեց վեթթինգ ասված գործընթացից:
Ուշագրավն այստեղ է այն է, թե ովքեր են հեղինակել այս նախագծերը: Եթե ուշադիր զննենք հեղինակային խմբերը, ապա պարզ կլինի, որ Փաշինյանին «արջի ծառայություններ» մատուցել է սորոսական թևը: Հարց է իհարկե՝ դա արվել է մտածված, թե պարզապես հմուտ իրավաբանների պակասն է իրեն զգացնել տվել: Մի բան ակնհայտ է՝ պատասխան այս ամենի համար տալու է հենց Նիկոլ Փաշինյանը: Մի կողմից տապալվում են նրա քաղաքական պլանները, մյուս կողմից արդեն երկրորդ անգամ լուրջ հարվածի տակ է դրվում Հայաստանի միջազգային վարկանիշը: Թերևս Փաշինյանը պետք է մտածի սորոսականների ձեռքից իրավական ոլորտը հետ վերցնելու մասին, հակառակ դեպքում՝ նոր «արջի ծառայությունները» չեն ուշանա…