Արտեմ Ասատրյանի ղեկավարած՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ շփումը հաշմանդամ քաղաքացիների համար դարձել է պատիժ: Բանն այն է, որ թեեւ նախարարությունը սկսել է հաշմանդամություն ունեցող անձանց լսողական սարքով կամ սայլակով ապահովելու հավաստագրեր տալ, սակայն այդ գործընթացը կազմակերպվում է սարսափելի անմարդկային պայմաններում: Հավաստագրերի տրամադրման վայրը շատ հեռու է` Երեւանի ծայրամասերից մեկում՝ Կորեայի ձոր կոչվող վայրում, բացի այդ՝ հազարավոր քաղաքացիներին ընդամենը մեկ աշխատող է սպասարկում, արդյունքում՝ գոյանում են հերթեր, եւ մարդիկ կարող է եւ մի քանի օր անց ստանան այդ հավաստագիրը: Ավելի դժվար է մարզերի բնակիչների վիճակը, քանի որ նրանք ստիպված են մի քանի անգամ գալ-գնալ Երեւան, մինչեւ իրենց հերթը հասնի: Դժվար չէ ենթադրել, թե իշխանություններն ինչու են այս կերպ վարվում. հույս ունեն, որ քաղաքացիներն այս քաշքշուկներից զզված՝ հրաժարվեն 95 հազար եւ 30 հազար դրամ արժեքի հավաստագրերից:
Կառավարությունն առաջինը պետք է շահագրգռված լիներ, որպեսզի հաշմանդամների կարիքները բավարարվեն օպերատիվ և առանց հավելյալ խոչընդոտների՝ հաշվի առնելով երկրում առանց այդ էլ ծայրաստիճան լարված սոցիալական վիճակը: Սակայն Արտեմ Ասատրյանի ղեկավարած կառույցը կարծես թե աշխատում է հակառակ տրամաբանությունից ելնելով: Գուցե ցանկանում են այժմ էլ հաշմանդամների հաշվին մի քանի կոպեկ խնայել, խնայածն էլ՝ պարզ է թե ուր է ուղղվելու, հաշվի առնելով նախարարությունում տևական ժամանակ արմատ գցած կոռուպցիան: Հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության խնդիրը մինչ օրս համակարգային լուծում չի ստանում, նախարարությունը ձեռնարկեց փոփոխություններ, որոնք միայն ավելացրին խնդիրների քանակը: Փաստորեն, Արտեմ Ասատրյանը հերթական արջի ծառայությունն է մատուցում սոցիալական աջակցության կարիքն ունեցող մեր քաղաքացիներին, սակայն դա, կարծես թե, նախարարության համար վաղուց է հարազատ գործելաոճ դարձել:
Ստելլա Խաչատրյան